Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության՝ «Սաքստատի»՝ ապրիլի 21-ին հրապարակված վիճակագրական տվյալներով՝ 2022-ի առաջին եռամսյակում Թբիլիսիում բնակելի անշարժ գույքի գների ինդեքսը նախորդ եռամսյակի համեմատությամբ աճել է 4,2%-ով:
Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում նախորդ եռամսյակի համեմատ 5,4%-ով աճել են բնակարանների, 2%-ով՝ սեփական տների գները: «Կանաչ կարկասով» բնակարանի 1 քառակուսի մետրի գինը հունվարին, փետրվարին եւ մարտին Թբիլիսում եղել է 3077 լարի (1000 դոլարից ավելի), ինչը 127 լարիով (շուրջ 42 դոլարով) ավելի է, քան նախորդ եռամսյակում:
«Սպիտակ կարկասով» բնակարանի 1 քառակուսի մետրի արժեքը եղել է 2664 լարի (ավելի քան 879 դոլար), ինչը 64 լարիով (ավելի քան 21 դոլարով) ավելի է, իսկ «սեւ կարկասով» բնակարանի 1 քառակուսի մետրի գինը եղել է 2280 լարի (ավելի քան 752 դոլար), ինչը 70 լարիով (ավելի քան 23 դոլարով) ավելի է, քան նախորդ եռամսյակում: «Սաքստատի» տվյալներով՝ բնակարաններն ամենից թանկ արժեն մայրաքաղաքի Մտածմինդայի, Վակեի եւ Կրծանիսի շրջաններում: Մտածմինդայում բնակարանի 1 քառակուսի մետրի արժեքը 4458 լարի է (ավելի քան 1400 դոլար), Վակեում՝ 3 690 լարի (ավելի քան 1200 դոլար), իսկ Կրծանիսում՝ 3143 լարի (ավելի քան 1000 դոլար):