Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանն ընդունել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալին: Հանդիպումը տեղի է ունեցել Բայդենի հայտարարության նախօրեին: ԱՄՆ նախագահը, ինչպես ակնկալվում է, հայտարարելու է Ուկրաինային 1,3 միլիարդ ԱՄՆ դոլարի հավելյալ ռազմական ու տնտեսական աջակցություն տրամադրելու մասին:
Այս նոր փաթեթով ԱՄՆ-ն ուկրաինական բանակին կփոխանցի 800 միլիոն դոլարի ծանր հրետանի, հարյուր հազարավոր արկեր, տակտիկական անօդաչուներ, նռնականետեր, ռադարներ, 15 միլիոն միավոր զինամթերք, ռուսական յուրաքանչյուր տանկի հաշվով տասը հակատանկային համակարգ:
Վաշինգտոնը եւս 500 միլիոն դոլար կտրամադրի Ուկրաինայի կառավարությանը՝ առկա բազում սոցիալական եւ տնտեսական հարցերը կարգավորելու համար:
ԱՄՆ նախագահն ասել է, որ ամերիկացիները կարող են հպարտանալ, որ օգնում են Ռուսաստանի ագրեսիայի դեմ պաշտպանվող Ուկրաինային: Բացի դրանից՝ նա հայտարարել է, որ հիացած է այս պայքարում ուկրաինացիների դրսեւորած աներեւակայելի արիությամբ եւ խիզախությամբ:
Ջո Բայդենն ասել է, որ Պուտինի ծրագրերը տապալվել են, քանի որ Կիեւը դեռեւս կանգուն է, իսկ նախագահ Վլադիմիր Զելենսկու կառավարությունը շարունակում է աշխատանքը: ԱՄՆ նախագահն աննախադեպ է անվանել Ուկրաինայում տեղի ունեցողը:
«Երբեւէ հնարավոր չէր պատկերացնել, բայց մեր միասնությունն ազդանշան է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որ նա երբեք ի վիճակի չի լինի զավթելու Ուկրաինան»,- ընդգծել է Միացյալ Նահանգների նախագահը: