Էստոնիայի Էկոնոմիկայի նախարար Տաավի Աասը հայտարարել է, որ Ուկրաինան մտադիր է բալթյան երկրների տարածքով նոր տրանսպորտային միջանցքներ ստեղծել Սեւ եւ Ազովի ծովերում Ռուսաստանի կողմից ուկրաինական նավահանգիստների արգելափակման պատճառով:
ERR հեռուստառադիոհեռարձակող պորտալին տված հարցազրույցում էստոնացի նախարարը հավելել է, որ հակառակ ցանկությանը՝ բավականին շատ տեխնիկական խնդիրներ կան, որոնք պետք է հաղթահարել՝ Ուկրաինայից անհրաժեշտ ծավալի ապրանքներ փոխադրելու համար:
Նա նշել է, որ Կիեւն առաջին հերթին ձգտում է հացահատիկի եւ մետալուրգիական արտադրանքի՝ համաշխարհային շուկա արտահանման համար հնարավորություններ գտնել:
«Ելնելով ապրանքի առանձնահատկությունից՝ հնարավոր կլիներ օգտագործել Բալթիկ ծովի նավահանգիստները՝ այդտեղ բեռները տեղափոխելով հիմնականում երկաթուղային ճանապարհով»,-ընդգծել է նախարարը:
Նա համոզմունք է հայտնել, որ առաջնահերթ պետք է լուծել երկաթուղով սահմանների հատմանն առնչվող խնդիրը, որպեսզի ավելի շատ գնացքներ կարողանան երթեւեկել: Տաավի Աասը հավելել է, որ դժվարություններ են ծագել նաեւ տարբեր լայնության երկաթուղագծերի առումով:
Էստոնացի նախարարը նշել է, որ վաղուց ժամանակն է Բալթիկայի երեք երկրների միջեւ անհրաժեշտության դեպքում ուկրաինական ապրանքները սպասարկելու ունակ կանոնավոր ապրանքագնացք աշխատեցնել: Նա կարեւորել է Լատվիայի եւ Լիտվայի գործընկերների հետ անհապաղ համաձայնագիր կնքելու անհրաժեշտությունը: