Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը ներկա էր նաեւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:
Քննարկվել է Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի եւ Ռուսաստանի նախագահի 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի իրականացման՝ տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը: Փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը՝ կարեւորելով այս գործընթացը որպես տարածաշրջանում երկարատեւ խաղաղության եւ կայունության ամրապնդման երաշխիք:
Քննարկվել են նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծման, ինչպես նաեւ 2021-ի դեկտեմբերի 14-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը երկաթուղու վերագործարկման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին առնչվող հարցեր:
Ավելի վաղ ԵՄ հատուկ ներկայացուցիչն ու դեսպան Անդրեա Վիկտորինը հանդիպել են ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը և այդ համատեքստում ԵՄ-ի տարածաշրջանային կայունության ամրապնդմանը միտված ջանքերին: