ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքը վերսկսելու պատրաստակամության վերաբերյալ ազդակներ չեն հղել:
«Մենք նման ազդակներ չենք ստացել: Չենք էլ ակնկալում»,- ասված է ՌԴ արտքաին քաղաքական գերատեսչության կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Զախարովան նշել է, որ Վաշինգտոնն ու Փարիզը փաստացի կաթվածահար են արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը՝ հրաժարվելով ռուսական մասնակցությամբ համագործակցությունից: Ռուս դիվանագետը հայտնել է, որ նման զուգադիպությունները պատահական չեն լինում:
Նա Բրյուսելի եռակողմ հանդիպումը ռուս-ադրբեջանա-հայկական բարձր մակարդակի, մասնավորապես Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պետական սահմանի սահմանագծման եւ սահմանազատման, ինչպես նաեւ տրանսպորտային հաղորդակցության վերականգնումն ու Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղության պայմանագրի նախապատրաստման շուրջ համաձայնությունները յուրացնելու անթաքույց փորձ է որակել:
«Մենք վճռական ենք ամեն կերպ նպաստելու խաղաղության պայմանագրի կնքմանը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, որոնց հետ մենք պատմականորեն կապված ենք բարեկամության, դաշնակցային եւ գործընկերային կապերով»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում։
Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը հրաժարվել են Ռուսաստանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում համագործակցելուց: Լավրովը Արեւմուտքին մեղադրել է ԼՂ հակամարտության խնդրի կարգավորումը, մասնավորապես հայկական կողմի շահերը զոհաբերելու համար: