1990 թվականից ի վեր հայ քաղաքական միտքը ընթացել է երկու ուղղությամբ՝ Տեր-Պետրոսյանին հակադրվելով, Տեր-Պետրոսյանի գաղափարական հովանու ներքո։
Մեծ հաշվով սա մեխանիկական ընթացք է, որտեղ նորարարությունն ու զարգացումն իսպառ բացակայում են։ Գործ ունենք անընդհատ կրկնվող տեքստերի եւ լոզունգների հետ, որոնք զուրկ են ինքնատիպությունից, ձեռագրից եւ դիմագծից։
Այսինքն՝ հրապարակախոսների եւ վերլուծաբանների ճնշող մեծամասնությունը տարիներ շարունակ կա՛մ վերարտադրում է Տեր-Պետրոսյանի, Վանոյի եւ մյուսների մտքերը, կա՛մ էլ ռազմահայրենասիրական բնազդով մարմնավորում 1997-ին Կինոյի տանը հավաքվածների անզուսպ հոխորտանքն ու մարտնչող ինքնավստահությունը։
Գաղափարական այս քարացած իրավիճակը չափազանց վտանգավոր է մի կողմից քաղաքական մտքի լճացման, մյուս կողմից ժամանակի եւ իրականության փոփոխությունը չընկալելու տեսանկյունից։
Ասելիքը ճշգրտելու համար անհրաժեշտ է նկատել, որ ամենեւին չեմ վիճարկում նախագահի գաղափարներն ու տեքստերը։ Ընդհակառակը՝ փորձում եմ զտել դրանք, այլ խոսքով՝ տարանջատել Տեր-Պետրոսյանին նրա մտքերը վերարտադրող եւ զարգացնող հրապարակագիրներից ու գործիչներից։
Լրատվականներում եւ թերթերում տերպետրոսյանական հռետորաբանությամբ տարատեսակ հոդվածներն ու վերլուծություններն արդեն իսկ սովորական են դարձել։ Գրվածքներն այդ ողողված են նախագահին բնորոշ ձեւակերպումներով, օրինակ՝ «իրատես լինենք», «մերժենք արկածախնդրությունը», «գնանք փոխզիջումների», «ռացիոնալ որոշում կայացնենք», «կարգավորենք հարաբերությունները հարեւանների հետ», «հասնել խաղաղության եւ բարիդրացիության» եւ այսպես շարունակ։
Բոլոր այս ձեւակերպումներն ու արտահայտությունները տրամաբանված ու իմաստավորված են այն դեպքում, երբ արտաբերվում եւ հիմնավորվում են հեղինակի կողմից։ Բայց այս նույն արտահայտությունները կարող են չափազանց վտանգավոր դառնալ, երբ կորցնում են Տեր-Պետրոսյանի սահմանած ժամանակը, համատեքստն ու ենթարկվում մեխանիկական վերաշարադրման։ Այլ խոսքով՝ կենսական եւ անհրաժեշտ «Լեւոնական» գաղափարախոսությունը հրապարակախոսների եւ վերլուծաբանների անհիմն միջամտությամբ կարող է փոխակերպվել հերձվածի, որը բնականաբար ոչ մի կապ չունի հեղինակի հետ, ինչպես որ Կարլ Մարքսը չէր կարող կապ ունենալ լենինիզմի հետ։
«Փրկել Նիցշեին նիցշեականներից» ձեւակերպումը կարող է կիրառելի դառնալ նաեւ առաջին նախագահի պարագայում, այն է՝ «զատել Տեր-Պետրոսյանին նրա տեքստերը վերարտադրողներից»։
Արդեն իսկ արձանագրեցինք, որ ցանկացած գաղափար եւ ձեւակերպում իմաստավորվում է իր ժամանակի եւ իրականության համատեքստում։ Բայց ճշմարտությունն այս հետեւողականորեն անտեսվում է հրապարակախոսների եւ վերլուծաբանների ճնշող մեծամասնության կողմից։
Առաջին նախագահը, երբ գրում էր «Պատերազմ, թե խաղաղություն․ լրջանալու պահը» հոդվածը, հստակ քաղաքական ծրագիր ուներ, այն է՝ հայկական պահել Արցախը՝ բացառելով դրա ներառումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ եւ չեզոքացնել Հայաստանի առջեւ ծառացած սպառնալիքներն ու մարտահրավերները՝ ապահովելով դրա խաղաղ եւ աստիճանական զարգացումը։
Իսկ ի՞նչ նպատակներ են հետապնդում այն հրապարակախոսները, որոնք տերպետրոսյանական ոճով առաջարկում են իրատես եւ ռացիոնալ լինել, պնդում են, թե մենք այլեւս ոչինչ չենք որոշում, ոգեւորվում են խաղաղության դարաշրջանով եւ վերջում անպայման հայհոյում արկածախնդրությունն ու «ոչմիթիզականությունը»։ Միգուցե առաջարկում են իրատես եւ ռացիոնա՞լ լինել ու համակերպվել Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելու փաստի հետ։ Կամ էլ զրկվելով որոշում կայացնելու հնարավորությունից՝ թուլանալ եւ հաճո՞ւյք ստանալ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Թուրքիայի եւ Ադրբեջանի պարտադրած որոշումներից։
Սա՞ է նրանց ուզածը։ Իսկ միգուցե հայհոյելով արկածախնդրությունն ու «ոչմիթիզականությունը»՝ Ջաբրայիլը նույնացնո՞ւմ են Վարդենիսի եւ Սյունիքի օկուպացված տարածքների հետ՝ առաջարկելով ռացիոնալ լինել եւ հանուն խաղաղության հանդուրժել Հայաստանի տարածքային ամբողջականության քայքայումը։
Ի դեպ համանման ակնարկներով տեքստեր գրող հրապարակախոսները կշտամբանքով ընդունեցին իմ այն հոդվածը, որտեղ գրել էի, թե ինստիտուցիոնալ շարունակականության եւ տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությամբ կամ էլ ընդհանրապես գոյաբանական սպառնալիքից ելնելով չեմ քննադատի Հայաստանի անդամակցությունը Միութենական պետությանը։ Այսինքն՝ Սյունիքին եւ Գեղարքունիքին սպառնացող վտանգը, Արցախի ադրբեջանականացումը «նեոիրատեսական» գաղափարախոսության տեսանկյունից ոչինչ են միֆական ինքնիշխանության եւ ժողովրդավարության հետ համեմատած։
Բնականաբար այս շարադրանքից հետո շատերն ինձ հարցնելու են՝ իսկ ո՞րն է քո առաջարկած այլընտրանքը։ Ավելին՝ հարցը ուղեկցվելու է հեգնանքով՝ հաշվի առնելով տիրապետող դարձած այն կարծրատիպը, թե, այնուամենայնիվ, իշխանության իրականացրած քաղաքականությունն այլընտրանք չունի։ Այսինքն՝ Արցախի՝ Ադրբեջանի կազմում ներառվելու գործընթացն այլեւս անդառնալի է։ Անշուշտ, մանիպուլյատիվ այդ հարցին պատասխանելու հավակնություն չունեմ, ընդամենը կարող եմ առաջարկել երբեմն էլ մեխանիկական վերարտադրության ենթարկել տերպետրոսյանական մյուս տեքստերը, որտեղ արտացոլված կլինեն հայ ժողովրդի համառ ու անզիջում պայքարը եւ իշխանության հետեւողական քաղաքականության շնորհիվ ամրագրված հաղթանակները։
Միգուցե կապիտուլացված հասարակությանը ավելի շատ պայքարի ոգի՞ն է պակասում, այլ ոչ թե անդառնալիության ու կանխորոշվածության մասին տափակ, իրատեսական մահախոսականները։
Ի վերջո պետք է հասկանալ, որ «Պատերազմ, թե խաղաղություն․ լրջանալու պահը» ընդարձակ հոդվածը հաղթանակի լայնախոհության ծնունդն էր, իսկ նեղմիտ պարտությունը երեւի թե ստիխի կամ էլ մանիֆեստի անհրաժեշտություն ունի։
Ի վերջո պետք է հասկանալ, որ Տեր-Պետրոսյանի տեքստը արժանապատիվ խաղաղության մասին է, այլ ոչ թե Չավուշօղլուի հայրական զայրացկոտությամբ ուղեկցվող բեմադրության, որը կարող է եւ շուտով ավարտվել։ Ի դեպ, հայ-թուրքական գործընթացի վերաբերյալ հրապարակախոսների հուզախառն սպասումներն էլ ավելի են հիմնավորում շարադրանքում մատնանշված տեսակետների ճշմարտացիությունը։ Նրանք կարգավորման գործընթացը դիտարկում են ոչ թե պետության շահերի տեսանկյունից, այլ որպես պատմական կամակորություն, որտեղ կենտրոնական դեր է զբաղեցնում ամեն գնով խաղաղության հասնելու հիվանդագին, բարդույթավորված ձգտումը։ Միգուցե ի հակադրություն թուրքատյաց դաշնակցականների, ինչի հետեւանքով էլ օրինաչափորեն ի հայտ է գալիս ենթագիտակցական թուրքասիրությունը կամ էլ զոհի մեղավորության սինդրոմը։
Ի դեպ այս դեպքում էլ է հղում արվում նախագահ Տեր-Պետրոսյանի օրոք իրականացված արտաքին քաղաքականությանը, ինչն իհարկե մոլորություն է։ Առաջին նախագահի համար խաղաղությունը քաղաքական ծրագիր է, այլ ոչ թե սահմաններ եւ սկզբունքներ բացառող ինքնանպատակ։
Հոդվածներից մեկում գրել էի, թե Հայաստանը պետք է դուրս գա թյուրքական աշխարհում խրված սեպի բարդույթից, իսկ այս հոդվածում ավելացնեմ՝ սեպի բացառումն ամենեւին էլ չի ենթադրում ոտնակոխ, կարմիր գորգի կարգավիճակ։ Հատկապես, երբ նվաստացուցիչ այդ կարգավիճակի հիմքում դրվում է թուրքի միջոցով ռուսից ազատագրվելու անհիմն եւ իռացիոնալ երազանքը։
Հ.Գ. Քաղաքական աշխատանքում Տեր-Պետրոսյանի տեքստերը պարտադիր են ընթերցանության համար, բայց էլ ավելի պարտադիր են դրանք ճիշտ հասկանալու եւ ըստ համատեքստի ընկալելու կարողությունները։ Առնվազն տարօրինակ է առաջին նախագահի եւ նրա համախոհների կյանքի աշխատանքը փոշիացնելուց հետո նույն մեթոդաբանությամբ փորձել կյանքի կոչել նրա անկատար գաղափարներն ու ծրագրերը։
Ամեն օր մենք հեռանում ենք խաղաղությունից եւ միաժամանակ կեղծ խաղաղության լոզունգներով ոչնչացնում ժողովրդի բարոյականությունն ու պայքարի ոգին։ Սա կապ չունի «լեւոնականության» եւ նրա սահմանած արժանապատիվ խաղաղության ու բարիդրացիության հետ։ Սա մաքուր փաշինյանական աշխարհայացք է, որի կրողներն են նաեւ լեւոնական ռացիոնալիզմի քողը հագած հրապարակախոսներն ու վերլուծաբանները՝ լատենտ ՔՊ-ականները։
Լրագրող, հրապարակախոս։ Գրում է քաղաքականության մասին, հետաքրքրությունների շրջանակում են՝ բարոյագիտությունը, կրոններն ու քաղաքական փիլիսոփայությունը։