Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախաձեռնած «Մեդիային վերաբերող օրենսդրության բարեփոխումների անհրաժեշտությունը Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, անդրադառնալով Freenews հեռուստաընկերության եւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հնարավոր կապի հարցին, ասել է. «…ես որպես հազար տարվա վաղեմի ընկեր վստահեցնում եմ, որ իր հետ բացարձակ կապ չունի: Մի կապն այն է, որ կինն է այնտեղ աշխատում… բայց սեփականատերերի հետ ընդհանրապես կապ չունի… ինքն էլ է ամեն օր ինձ ասում, ինչի՞ են իմ անունը տալիս» (դուք էլ նմանեցրի՞ք. «Рафик ни в чем не виноват, он сам об этом мне сказал»):
Երդվում եմ մորուքովս, «բացարձակ ոչ մի կապ» չունենալու մասին ավելի ծիծաղելի եղել է մեկ էլ իր եղբոր շահած մրցույթների մասին Ալեն Սիմոնյանի չքմեղացած մեկնաբանությունը, թե ինքն ինչ կապ ունի, իր եղբայրը պարզապես էդ կազմակերպությունում աշխատում է։
Դե հա, իհարկե, որ խորը մտածում ես՝ ինքը ի՞նչ կապ ունի իր կնոջ հետ։
Հա, ի՞նչ անենք, թե կինը՝ Մարիամ Մարգարյանը, Freenews ՍՊԸ-ի տնօրենն է եւ հեռուստաընկերության խմբագիրը։ Հետո՞ ինչ։ Մի՞ թե դա է պատճառը, որ այդ ալիքը գովերգում է «իշխանությունների իմաստուն քաղաքականությունը» եւ փնովում ընդդիմությանը (hանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզիա ստանալու պարտադիր պայմանը՝ բազմակարծությունը խթանելը, էստեղ դեռ չեմ քննարկում, էդ մասին Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը թող մտածի)։ Իհարկե ո՛չ։
Բայց իսկապես էլ, չէ՞ որ Մարիամ Մարգարյանը, ըստ ալենական տրամաբանության, ոչ թե Ազգային ժողովի նախագահի, այլ քաղաքացի Ալեն Սիմոնյանի կինն է։ Աժ նախագահն ի՞նչ կապ ունի։
Քանի որ կասկածում եմ, թե Ալեն Սիմոնյանն ու նախկին լրագրող Սիսակը ընկալեցին իրոնիան, բացատրեմ.
Երբ թանկարժեք մեքենաներ են գնում մեր փողերի հաշվին, ասում են՝ «դա Ալեն Սիմոնյանի համար չէ, դա Ազգային ժողովի նախագահի համար է»։ Երբ Բալիի վոյաժների համար 18 միլիոն դրամ է ծախսվում, դա էլ, ըստ իրենց տրամաբանության, Ալեն Սիմոնյանի համար չի ծախսվել, այլ ԱԺ նախագահի։ Հիմա նույն տրամաբանությամբ էլ Freenews հեռուստաընկերության տնօրենը ոչ թե Ազգային ժողովի նախագահի՛ կինն է, այլ Ալեն Սիմոնյանի՛։
Հասկացա՞ք։ Ա՛յ, հենց էդպես։
Ալեն Սիմոնյան քաղաքացին իր կնոջ հետ, անշուշտ, կապ ունի։ Դե, համենայն դեպս նույն տանն են ապրում, երեւի նույն սենյակում են քնում, մի խոսքով՝ երեխաներ ունեն։ Ինչպես կասեր «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի հերոսը՝ «… մենք ի՞նչ իրավունք ունենք մտնելու նրանց մատի ու մատանու արանքը»։
Բայց հենց Ալեն Սիմոնյանը գործի է գնում, ավելի շուտ՝ հենց նստում է թանկարժեք ավտոմեքենան, որ գործի գնա, վերջ, ինքն այլեւս Ալեն Սիմոնյանը չէ, ինքը Ազգային ժողովի նախագահն է, որը ոչ մի կապ չունի Freenews հեռուստաընկերության տնօրեն Մարիամի, առավել եւս նրա ամուսին Ալեն Սիմոնյանի հետ…
Իսկ հիմա միանգամայն լուրջ պատասխանեմ «…ինչի՞ են իմ անունը տալիս» հարցին՝ Ալեն Սիմոնյանին ու նրա նման տարակուսած Սիսակ Գաբրիելյանին չգիտեմ քանիերորդ անգամ բացատրելով սովորական մարդկանց եւ այսպես կոչված հանրային գործիչների տարբերությունը։
Կբացատրեմ պարզ բառերով, որ անգամ ԱԺ առաստաղից կախված ու պարգեւավճարի սպասող սարդին եւ աշխատասենյակներից մեկում ապաստանած, բտած ծովախոզուկին էլ հասկանալի լինի։
Ալեն Սիմոնյանը զբաղեցնում է ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնը։ Այսինքն՝ հանրային դեմք է։ Այսինքն՝ կամավոր, խիստ օժտված ՔՊ-ականների համար հատուկ շեշտում եմ՝ կամավո՛ր, ՔՊ-ի առավել «իտելեկտուալ» գլուխների համար երրորդում եմ՝ կա՛-մա՛-վո՛ր, իրեն դրել է հանրության ուշադրության կենտրոնում։
Իսկ դա նշանակում է, որ լրատվամիջոցները փնտրելու եւ հանրության սեփականությունն են դարձնելու նրա, այսինքն՝ ԱԺ նախագահի, այսինքն՝ կամավոր հանրության ուշադրության կենտրոնում հայտնվածի կյանքի ամեն մի մանրամասն։
Սա էնքան պարզ բան է, որ չի մտնում միայն իրենց աթոռներից ու պարգեւավճարներից զարմացած, կայֆերի սիրահար կարկառուն ՔՊ-ականների գլուխը։
Եթե Ալեն Սիմոնյանը չի ուզում, որ իր մասին գրեն, կապ տեսնեն իր եւ իր կնոջ ղեկավարած հեռուստաընկերության, իր եւ իր եղբոր շահած մրցույթների միջեւ եւ ուզում է, որ ընդհանրապես դադարեն իր մասին հիշատակելուց, կարող է անել պարզագույն մի քայլ. հանրային դեմքի կարգավիճակից անցում կատարել սովորական մարդու կարգավիճակի։
Այսինքն՝ հրաժարվել ԱԺ նախագահի պաշտոնից, ընդհանրապես պատգամավորի մանդատից եւ գնալ ու զբաղվել մի այլ գործով, որից կարող է գլուխ հանել։ Դե, ասենք, թանկարժեք ավտոմեքենաների վաճառքով զբաղվող ընկերության կայքի ադմինիստրատոր աշխատել։ Շատ լավ գործ կլինի, իր կայֆերի մասին էլ միայն ինքն ու կինը կիմանան։
Եվ եթե էսքան բացատրելուց հետո էլ Ալեն Սիմոնյանն ու իր դամքաշները չհասկացան էս պարզագույն բաները, ապա, նորից եմ երդվում մորուքովս, ես մեղավոր չեմ։ Թող բողոքեն սեփական ընկալունակությունից եւ դիմեն հոգեբանի։
Թեպետ… Ո՞ր իրեն հարգող հոգեբանը կհամաձայնի զրուցել Ալեն Սիմոնյանի հետ։
Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։