ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի քրեական գործը մակագրվել է Մնացական Մարտիրոսյանին: Ընդ որում, ինչպես նրա պաշտպանն է տեղեկացրել, գործը Մնացական Մարտիրոսյանին մակագրվել է ձեռքով. «Եվ միայն այդ հանգամանքն արդեն բավարար է, որպեսզի օրինական դատարանի մասին չխոսենք»,- ասել է նախկին դատախազի պաշտպանը:
Այս ամենն, իսկապես, սյուրռեալիզմի ժանրից է: Մեղադրյալ Աղվան Հովսեփյանին այսօր դատելու է նույն այն դատավորը, որ տարիներ շարունակ եղել է դատախազ Աղվան Հովսեփյանի գլխավոր կամակատարը:
Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին, երբ Աղվան Հովսեփյանն էլ ՀՀ գլխավոր դատախազն էր, հիմնականում Մնացական Մարտիրոսյանին էին մակագրվում քաղաքական նշանակություն ունեցող բոլոր աղմկահարույց գործերը: Ըստ այդմ, նրան էր վերապահված ընդդիմադիրների դեմ շինծու քրեական գործերով Աղվան Հովսեփյանի հաստատած մեղադրական եզրակացությունների հիման վրա դատավճիռներ արձակելու գործը: Տարիներ շարունակ նրանց համագործակցության արդյունքում Հայաստանում իրականացվող «արդարադատությունն» իր մեթոդներով չէր համեմատվի անգամ Վիշինսկու դատական պրակտիկայի հետ:
Մնացական Մարտիրոսյանն է քննել Ռոբերտ Քոչարյանի թիկնապահ Աղամալ Հարությունյանի՝ Կուկուի գործը, երբ վերջինս մեղադրվում էր Պողոս Պողոսյանին ծեծելով սպանելու համար: Դատավարության ողջ ընթացքում Աղամալ Հարությունյանը ոչ միայն չնստեց ամբաստանյալի աթոռին, այլեւ դատապարտվեց պայմանական ազատազրկման եւ ազատ արձակվեց:
Մնացական Մարտիրոսյանն է եղել Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի գործով դատավորը, երբ նրանք 2006-ին մեղադրվում էին իշխանափոխության կոչերի համար: Եվ Մարտիրոսյանի դատավճռով ընդդիմադիր գործիչները դատապարտվեցին երկարատեւ ազատազրկման:
Մնացական Մարտիրոսյանի անունը «փայլեց» արդեն մարտի 1-ի քաղբանտարկյալների գործերի քննության ժամանակ:
Նրան մակագրվեց «Յոթի գործը»: Թեեւ դատաքննության ընթացքում զոհերի իրավահաջորդները կանգնեցին «ամբաստանյալների կողքին»՝ հայտարարելով, որ ընդդիմադիրների նկատմամբ քաղաքական հաշվեհարդար է իրականացվում, չնայած կեղծ ցուցմունքներին եւ ապացույցների բացակայությանը, Մարտիրոսյանն ընդդիմադիր գործիչներին մարտի 1-ի զանգվածային անկարգությունների կազմակերպման համար դատապարտեց տարբեր ժամկետներով ազատազրկման:
Ի դեպ, տարիներ անց արդեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բեկանեց «Յոթի գործը»՝ արձանագրելով, որ խախտվել էին ընդդիմադիրների մի շարք հիմնարար իրավունքներ: Օրեր առաջ էլ ՀՀ Վճռաբեկ դատարանը արդարացրեց «Յոթի գործով» դատապարտվածներից ԱԳ նախկին նախարար, այժմ եվրոպական մի քանի երկրում ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանին՝ հռչակելով նրա անմեղությունը: Ավելի վաղ արդարացվել էր Մյասնիկ Մալխասյանը:
Մնացական Մարտիրոսյանը եղել է նաեւ Նիկոլ Փաշինյանի գործով դատավորը։ Այս դատավարությունը եւս նույն սցենարով ընթացավ։ Արդյունքում մարտի 1-ին զանգվածային անկարգությունների կազմակերպման համար Մարտիրոսյանը Փաշինյանին դատապարտեց 7 տարվա ազատազրկման: Փաշինյանի գործով դատավճիռը եւս ՄԻԵԴ-ը տարիներ անց բեկանեց, դրա հիման վրա ՀՀ Վճռաբեկ դատարանն էլ օրերս արդարացրեց նրան:
Մնացական Մարտիրոսյանն է եղել ՀԱԿ ակտիվիստների գործով դատավորը եւ նրանց նկատմամբ արձակել մեղադրական դատավճիռներ:
Մնացական Մարտիրոսյանը եղել է նաեւ գեներալ Մանվել Գրիգորյանի գործով դատավորը, սակայն բանը դատավճիռ արձակելուն չհասավ. Մանվել Գրիգորյանը մահացավ:
Մնացական Մարտիրոսյանը մի շարք աղմկահարույց քրեական գործերով բավարարել է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու՝ նախաքննական մարմնի միջնորդությունները: Եվ նրա որոշմամբ ճաղերի հետեւում են հայտնվել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ԱԻ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը, անորակ զենքի մատակարարման գործով անցնող Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավոն», սնանկության գործերով արդեն նախկին դատավոր Գեւորգ Նարինյանը, ՀԾԿՀ նախկին անդամ Մուշեղ Կոշեցյանը եւ այլն: Ու վերջապես, Մարտիրոսյանի որոշմամբ կալանավորվել է նաեւ նույն ինքը՝ Աղվան Հովսեփյանը:
Հիմա, փաստորեն, Նիկոլ Փաշինյանի իշխանավարման օրոք Մնացական Մարտիրոսյանին է վերապահված քննելու Աղվան Հովսեփյանի գործը:
Միայն թե, հետաքրքիր է, արդյո՞ք նա նույն կերպ դատելու է ժամանակին իր հետ համագործակցության մեջ գտնված, իսկ ավելի ճիշտ՝ իրեն հրահանգներ տված դատախազին:
Դատելով այն բանից, որ Մարտիրոսյանը Հովսեփյանին կալանավորելու միջնորդությունը մեկ անգամ բավարարել է, հազիվ թե նա ինքնաբացարկ հայտնի: Պարզապես այս դեպքում արդեն հոգեբանները մարդկային բնույթի ուսումնասիրության լուրջ նյութ կունենան:
Հ.Գ. Իսկ մինչ այս սպասում ենք, որ Աղվան Հովսեփյանն ու իր պաշտպանական թիմը հրապարակավ կասկածի տակ դնեն Մնացական Մարտիրոսյանի մասնագիտական կարողություններն ու նրան մեղադրեն օրվա իշխանությունների ապօրինի հրահանգները կատարելու համար: Ճիշտ այնպես, ինչպես Ռոբերտ Քոչարյանի նախկին պաշտպան, այժմ՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանն էր մի առիթով ԱԺ-ում հայտարարել. «Տոտալ Մնացական Մարտիրոսյանի մակարդակի արդարադատություն ենք տեսնում վերջին շրջանում։ Ես չգիտեմ, դա պայմանավորված է նրանով, որ ձեռով թե ձեռքով ա մակագրումը գնում, բայց դա է պատկերը»:
Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել: