Չորս տարի առաջ այս օրը՝ 2018 թվականի ապրիլի 22-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում հանդիպեցին այն ժամանակ վարչապետ Սերժ Սարգսյանը եւ ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։ Իրադարձությունների ընթացքը կարիք չկա կրկնելու, քանի որ հիշողությունները թարմ են, իսկ տեքստերն ու տեսանյութերը՝ հասանելի:
Եթե ես Սերժ Սարգսյանի հետ հարցազրույց վարելու հնարավորություն ունենայի, ապա երրորդ նախագահին եւ Հայաստանի պատմության ամենակարճատեւ պաշտոնավարած վարչապետին հետեւյալ հարցերը կտայի:
1. Պարոն Սարգսյան, 2015-ի Սահմանադրությունը փոխելն արդյո՞ք հիմնականում ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար էր։ Այսինքն՝ Դուք գիտակցում էիք, որ հողերը պետք է վերադարձնել, որ «Աղդամը մեր հայրենիքը չէ», բայց միայնակ չէիք ուզում մտնել հայոց պատմության բեռի տակ ու վարչապետի պաշտոնո՞ւմ էիք պատրաստ գնալու փոխզիջումների եւ արժանապատիվ խաղաղության՝ պատասխանատվությունը կիսելով կառավարության եւ Ազգային ժողովի հետ:
2. Կարո՞ղ եք թույլատրելիության սահմաններում բացել 5 միլիարդ դոլարի մասին խոսակցությունը: Թվում է՝ Իլհամ Ալիեւը 5 միլիարդ դոլար է առաջարկել Հայաստանին, երբ Դուք նախագահ էիք, եւ Փաշինյանին: Արդյո՞ք այդ գումարը Արցախի հարակից տարածքներից խաղաղ ճանապարհով դուրս գալու դիմաց էր առաջարկվում, եւ այդ գումարը Արցախի ենթակառուցվածքների համար էր «հատկացվելու»:
3. Արդյո՞ք Ռուսաստանը 2015 թվականից Հայաստանին հորդորում էր համաձայնել Լավրովի պլանի հետ։ Եթե այո, ի՞նչ կապ կա այդ առաջարկները չընդունելու եւ 2016-ի Ապրիլյան քառօրյայի միջեւ:
4. Մո՞տ են իրականությանն այն խոսակցությունները, որ Ապրիլյան պատերազմը Ռուսաստանի միջնորդությամբ կանգնեցվել է պայմանով, որ առաջիկայում պետք է առնվազն 5 շրջանները վերադարձվեն Ադրբեջանին, ինչը, սակայն, իրականություն չդարձավ նախ «Սասնա ծռերի» ապստամբության պատրվակով, ապա ներքաղաքական խնդիրներով պայմանավորված:
5. 2016-ի Ապրիլյան քառօրյայի մեր ցավալի կորուստներից հետո Դուք առնվազն երկու անգամ այցելել եք Արցախ եւ տեղի ռազմաքաղաքական ղեկավարության հետ փակ հանդիպումներում հորդորել, որ պատերազմից խուսափելու միակ տարբերակը շրջանները վերադարձնելն է, որ եթե ժամանակին «Կարս, Կարս» ենք երգել, ապա «Ստեփանակերտ, Ստեփանակերտ» կերգենք: Ի՞նչ հակափաստարկներ եք լսել։
6. Հայկական առավելապաշտության հարցում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն ունի՞ պատասխանատվության իր բաժինը, եւ արդյոք արդարացի չէ՞ 44-օրյա աղետի մեջ մեղքի բաժին դնել նաեւ Արցախի ընտրված իշխանությունների վրա:
7. Ձեր նախկին ղեկավար (շեֆ), իսկ 2008-ի նախագահական ընտրություններում Ձեր հիմնական մրցակից Լեւոն Տեր-Պետրոսյանը 2016-2017-ին հրապարակավ պատրաստակամություն հայտնեց աջակցելու Ձեզ, եթե գնաք փուլային կարգավորման: Հետահայաց, Դուք, մենք կորցրի՞նք Արցախյան հակամարտությունը ցավալի փոխզիջումներով, բայց արժանապատիվ, դիվանագիտական ճանապարհով կարգավորելու վերջին հնարավորությունը:
8. Զղջո՞ւմ եք, որ 1998-ին միացաք Վազգեն Սարգսյանի ղեկավարած ռազմական հեղաշրջմանը եւ դեմ դուրս եկաք ձեր տարիների ղեկավար (շեֆ) Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ շրջելով մեր պատմության ընթացքը:
9. Երբ Դուք, Ձեր թիմակիցները հետեւողականորեն հայտարարում էիք, որ Նիկոլը եկել է հողերը տալու, դա ներքաղաքական պարզ պոպուլիզմ էր ու քարոզչությո՞ւն, թե՞ ունեիք հստակ տեղեկություններ, որ պատերազմ է սպասվում, եւ այդ պատերազմում մեր պարտությունն ու հողերը վերադարձնելն անխուսափելի է:
10. Չորս տարի առաջ այս օրերին Հայաստանի բնակչությունը՝ տասնյակ, հարյուր հազարավոր մարդիկ, «Մերժում էին Սերժին»: Այդ օրերին իշխանության ներսում քննարկվե՞լ է իշխանությունը Կարեն Կարապետյանին փոխանցելու տարբերակը:
11. Եթե հնարավորություն լիներ ճիշտ չորս տարով հետ շրջելու Հայաստանի պատմության սլաքը, Դուք նույնը կկրկնեի՞ք, այն է՝ «Արմենիա Մարիոթ»-ում կհանդիպեի՞ք Նիկոլ Փաշինյանի հետ եւ կասեի՞ք՝ «Նիկոլը ճիշտ էր, ես՝ սխալ»։
Պարոն Սարգսյան, ես, իմ գործընկեր լրագրողները եւ ամեն մի հայ Ձեզ բազմաթիվ այլ հարցեր էլ ունենք, բայց 44-օրյա աղետի ֆոնին դրանք տասներորդական են արդեն: Աղետ, որի մեջ տեսնում եմ ոչ միայն Նիկոլ Փաշինյանի, Ռոբերտ Քոչարյանի, այլ նաեւ Ձեր մեղավորությունն ու պատասխանատվությունը:
Եվ վերջում. աղետի գլխավոր մեղավոր եւ պատասխանատու Նիկոլ Փաշինյանին հարցեր չունեմ, ամեն ինչ պարզ է, եւ անիմաստ է որեւէ հարց:
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։