ՌԴ ԱԳՆ-ի Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի փոխտնօրեն Սերգեյ Կոշելյովը հայտարարել է, որ Մոսկվան բաց է Միացյալ Նահանգների հետ անկեղծ եւ փոխհարգալից երկխոսության համար այն աստիճան, ինչ աստիճան որ դրան պատրաստ է ԱՄՆ-ը:
Դիվանագետը ՌԴ ԱԳՆ-ի Դիվանագիտական ակադեմիայի «Ճգնաժամը ռուս-ամերիկյան հարաբերություններում» թեմայով անցկացվող կլոր սեղանի ժամանակ հիշեցրել է, որ Ուկրաինայի շուրջ իրավիճակը մեծ մասամբ հետեւանք է նրա, որ ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն մերժել են իրենց մտահոգությունները, անվտանգության իրավաբանորեն պարտավորեցնող երաշխիքներ տրամադրելու պահանջները: Կոշելյովը հավելել է, որ ԱՄՆ վարչակազմի հետ փոխգործակցության հիմնական ուղղությունների շուրջ երկխոսություն գոյություն չունի:
Ըստ ռուս դիվանագետի՝ ՌԴ ԱԳՆ-ում իշխում է այն մտայնությունը, որ ցանկացած հակամարտային իրադրություն ավարտվում է բանակցություններով: Նա հավելել է, որ ՌԴ քաղաքականությունն առաջ տանելու համար, բանակցությունների սեղանի շուրջ ՌԴ դիրքորոշումները պաշտպանելուց եւ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթղթեր մշակելուց բացի, իրենք ներգործության այլ գործիքակազմ չունեն:
«Հանգուցային գործիքակազմը կապուղիներն են ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ: Ցանկանում եմ հավաստել, որ նմանօրինակ կապուղիներ գոյություն ունեն արտաքին քաղաքական գերատեսչությունների գծով»,- ընդգծել է Կոշելյովը:
Դիվանագետը հիշեցրել է, որ Մոսկվան եւ Վաշինգտոնը շփումների պատմական փորձ ունեն առճակատման պայմաններում, որն արդյունավետ էր սառը պատերազմի տարիներին:
«Ինչ էլ տեղի ունենա, Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ են, որոնց վրա է դրված միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը զորակցելու հատուկ պատասխանատվությունը»,- ընդգծել է Կոշելյովը: