ՀՀ Կառավարությունից հայտնել են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:
Կարեւորելով Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը՝ Փաշինյանը բարձր է գնահատել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ տարածաշրջանում կայունության հաստատմանը միտված ջանքերը, որոնք, միջազգային մյուս գործընկերների ջանքերի հետ համատեղ, նպաստում են տարածաշրջանային երկխոսությանը: Նա նաեւ գոհունակություն է հայտնել ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագրի տնտեսական եւ ներդրումային փաթեթի շրջանակում Հայաստանին 2,6 միլիարդ եվրո հատկացնելու եւ ՀՀ-ում զարգացման ծրագրեր իրականացնելու կապակցությամբ:
Տոյվո Կլաարը վերահաստատել է ՀՀ-ի հետ գործընկերությունը խորացնելու, տարածաշրջանային խաղաղությանը միտված ջանքերը շարունակելու ԵՄ հանձնառությունը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԵԽ նախագահի, Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի՝ ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի շուրջ:
Արծարծվել են Լեռնային Ղարաբաղի խնդրին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանագծմանը եւ սահմանազատմանը, տարածաշրջանի տնտեսական եւ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր:
Երկուստեք ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը:
Անդրադարձել են հայ ռազմագերիների հայրենադարձմանը
Ավելկի վաղ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
Կողմերը քննարկել են ապրիլի 6-ի բրյուսելյան հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, տարածաշրջանի տնտեսական եւ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հեռանկարները։
Հանդիպման ընթացքում հատուկ անդրադարձ է արվել առկա հումանիտար խնդիրներին, մասնավորապես հայ ռազմագերիների եւ այլ պահվող անձանց հայրենադարձմանը։