Ըստ Կրեմլի պաշտոնական կայքի հաղորդագրության՝ ապրիլի 22-ին տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի հեռախոսազրույցը:
Զրուցակիցները հանգամանորեն քննարկել են Ուկրաինայում իրավիճակի զարգացումները: Շառլ Միշելը տեղեկացրել է Կիեւ այցելության ընթացքում Ուկրաինայի ղեկավարության հետ շփումների մասին:
Վլադիմիր Պուտինը Շառլ Միշելի հետ վերջին իրադարձությունների քննարկումից հետո նրա ուշադրությունը հրավիրել է ԵՄ ներկայացուցիչների՝ Ուկրաինայի իրավիճակը ռազմական ճանապարհով հանգուցալուծելու մասին անպատասխանատու հայտարարություններին: ՌԴ նախագահը ընդգծել է նաեւ ուկրաինացի ուժայինների բազում ռազմական հանցագործությունների փաստերի անտեսման հանգամանքը: Ավելին՝ Վլադիմիր Պուտինը նշել է, որ փոխանակ Բրյուսելն ազդի Կիեւի վրա եւ հորդորի դադարեցնելու Դոնբասի բնակավայրերի հրետակոծումները, իր գործողություններով խրախուսում է ուկրաինաական կողմի բացահայտ ռուսատյատությունը եւ միջազգային իրավական նորմերի խախտումները:
Անդրադարձել են ԼՂ-ում կայունության եւ անվտանգության ամրապնդման թեմային
Կողմերը անդրադարձել են նաեւ Լեռնային Ղարաբաղում կայունության եւ անվտանգության ամրապնդման թեմային, այդ թվում ՌԴ նախագահի եւ ԵԽ նախագահի՝ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ շփումների շրջանակում:
Զրուցակիցները հաստատել են Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքի կարեւորությունը:
Այդ համատեքստում ՌԴ նախագահը հայտնել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանագծմանը եւ սահմանազատմանը, տարածաշրջանի տնտեսական եւ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ խաղաղության պայմանագրի մշակմանն ուղղված գործադրվող ջանքերին: