Բրիտանական The Independent պարբերականը գրում է, որ ամերիկյան զենք արտադրող կորպորացիաները հսկայական օգուտներ են քաղել ուկրաինական ճգնաժամից: Հոդվածի հեղինակը նշել է, որ Վաշինգտոնին ուղղակիորեն խորհուրդ են տալիս կառավարվող հրթիռներ, հակաօդային պաշտպանության համակարգեր, անօդաչու սարքեր եւ արբանյակներ վաճառող ընկերությունները։
Արեւմտյան Եվրոպայի երկրները եւս փորձում են հետ չմնալ Միացյալ Նահանգների զենք արտադրողներից: Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը, օրինակ, վերջերս կազմակերպել էր ուկրաինացի պաշտոնատար անձանց այցը Սոլսբերի-Փլեյն պոլիգոն՝ Stormer հրթիռների արձակումը սեփական աչքով տեսնելու համար:
Զենքի համաշխարհային առեւտրի գծով փորձագետ Ուիլյամ Հարթունգն ասել է, որ այժմ խոսքը միայն նախնական վաճառքի մասին է, ԱՄՆ ռազմարդյունաբերական համալիրի ամենամեծ շահույթը դեռ առջեւում է:
Դիցուք, Raytheon Technologies ընկերության բաժնետոմսերը վերջին վեց ամսում աճել են 15%-ով: Բանն այն է, որ ընկերությունը մյուս հսկա զինագործ կորպորացիաների պես այցելում է Պենտագոնի գաղտնի հանդիպումներին՝ պարզելու համար՝ ինչպես կարող են օգուտ քաղել Ուկրաինայի եւ նրա նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ ռուսական ներխուժումից պաշտպանվելու ձգտման շնորհիվ:
Միեւնույն ժամանակ, ամերիկյան զենք արտադրողները հույսը դնում են ավելի մեծ եկամուտների վրա, որոնք կստացվեն Եվրոպայի ռազմականացումից:
«Բայդենի վարչակազմը ծախսել է ավելի քան 3,2 միլիարդ դոլար՝ Ուկրաինային սպառազինության աջակցության համար, ու թեեւ այդ գումարի մեծ մասը ստացվում է առկա պաշարներից, դրանք բոլորը կհամալրվեն Պենտագոնի հետ պայմանագրերով։ Ամերիկյան ընկերությունները կշահեն նաեւ, երբ Եվրոպան սկսի ավելի շատ ծախսել»,- ընդգծել է փորձագետը։