Բրիտանական Daily Mail պարբերականը ներկայացրել է Անժելա Ջանոյանի ընտանիքի պատմությունը: Պարբերականի թղթակից Ջեյմս Ֆրենին Օդեսայից պատմել է, որ 35-ամյա փաստաբանի ընտանիքն արդեն երկրորդ անգամ ստիպված է եղել փախչել պատերազմի սարսափներից: Անժելան ծնունդով Վրաստանի Սուխումի քաղաքից է եւ լավ է հիշում, թե 1994-ին, երբ ինքը վեց տարեկան էր, ինչպես 20 դիմակավորված ռուսամետ անջատողականներ ներխուժեցին իրենց տուն: «Նրանք ցատկեցին ցանկապատի վրայով, հարձակվեցին մեզ վրա, գողացան մեր կերակուրը, զարդերը, նույնիսկ գորգերը,- հիշում է Անժելան:- Նրանք ծեծեցին ծնողներիս, տատիկին ու պապիկին»:
Անժելան եւ նրա քույրերը՝ Դիանան եւ Լիանան այժմ համապատասխանաբար 30 եւ 33 տարեկան են: Այդ օրվա սարսափելի հիշողությունները մինչ օրս հետապնդում են քույրերին եւ նրանց մորը՝ Մարինային: Հաջորդ օրը հայկական արմատներ ունեցող այս ընտանիքն ունեցվածքը բարձում է մեքենային եւ ուղեւորվում Ուկրաինա:
Երեք տասնամյակ անց ընտանիքը հայտնվում է նույն պատմության մեջ, երբ կրկին Անժելան եւ նրա դուստր Ամելին ու ընտանիքի յոթ անդամները ստիպված են լինում փախչել Ուկրաինայի Չապլինկա քաղաքից, որը վերջին յոթ շաբաթների ընթացքում Ռուսաստանի վերահսկողության տակ էր:
Անժելան քրոջը՝ Դիանային, հանդիպեց հարավային Օդեսա քաղաքում՝ տեղահանված ուկրաինացիների տեղակայման կենտրոնում, որն այժմ անվտանգ վայր է:
«Հենց սնունդ էինք գնում, ռուս զինվորներն անցակետերում այն պարզապես խլում էին մեզնից,- պատմում է Անժելան:- Սկզբում տեղի ֆերմերներն էին սնունդ ապահովում: Բայց նրանց ռեսուրսները սպառվեցին: Հաց գնելը շատ դժվար էր: Ռուսները թույլ չէին տալիս օգնություն բերելու քաղաք»:
Միայնակ մայրն ասում է, որ դժվարությամբ են լքել տունը, բայց չափազանց վախենում էին գնդակահարվելուց: Նա Չապլինկայից հեռացավ շաբաթ օրը իր 22-ամյա քրոջ՝ Ժաննայի եւ նրա 10 ամսական որդու՝ Արտյոմի հետ: «Ամբողջ ժամանակ վախեցած էինք հրետակոծություններից»,- ասաց նա:
Տասներկու ժամ անց չորս քույրերը միասին ճաշում էին Դիանայի՝ Օդեսայի բնակարանում: Նրանք բոլորն իրենց ուկրաինացիներ են զգում եւ հպարտ են իրենց «հայրենիքով»:
Անժելան ասում է. «Մենք չենք ուզում ռուս լինել: Մենք չենք ուզում ապրել իրենց դրոշի ներքո»:
Պատրաստեց Կարինե Դավոյանը