Աշխարհում տեղի են ունենում տեկտոնական տեղաշարժեր: Աշխարհը փոխվում է, եւ տեղի է ունենում դա մեծ արագությամբ: Այս փոփոխությունների հորձանուտում մեզ չկորցնելու համար պահանջվում են նոր մոտեցումներ:
Հին փորձը մեզ կարող է միայն սովորեցնել, թե ինչ չանել: Իսկ թե ինչ անել, պետք է հասցնենք սովորել հընթացս:
Արիստոտելը սահմանել է. «Քաղաքականությունը պետություն կառավարելու, մարդկանց դեպի երջանիկ ապագա առաջնորդելու արվեստ է»: Իսկ Օտտո ֆոն Բիսմարկն այսպես է լրացրել․ «Քաղաքականությունը հնարավորի արվեստն է»: Միավորելով այս երկու մտքերը՝ կարող ենք ասել՝ քաղաքականությունը դեպի հասանելի երջանիկ ապագա առաջնորդելու արվեստ է:
Այն պետք է առաջնորդի դեպի հասանելի, իրատեսական ապագա: Ոչ իրատեսականները մնում են կենացների, երազանքների, դատարկ հայտարարությունների եւ ցանկությունների ոլորտում: Ինչպես բառն է հուշում, իրատեսական ապագան «իրոք տեսնված ապագան է»։
Համարձակվեմ հայտարարել, որ մեր կուսակցությունները առավելապես առաջնորդվել են իրենց բարի ցանկություններով եւ ոչ թե իրոք տեսնված ապագայով։
Ինչպես է դա տեղի ունենում
Ես կարող եմ որեւէ բան տեսնել, եթե այն կա։ Այդպես էլ այն ապագան է հնարավոր տեսնել, որը ներկա է որոշակի մի նուրբ հարթությունում։ Այդ տեսնելու երեւույթը հիշեցնում է հողագործին, որ վաղ գարնանը ձեռքն է վերցնում հողի գունդը, տրորում եւ զգում՝ արդեն վարը սկսելու ժամանակն է։ Ինչպես «Զինվորի հայրը» ֆիլմում Գեորգի Մախարաշվիլին կրակոցների տակ ձեռքով շոշափում է հողը, կանչում կողքի զինվորին եւ, ցույց տալով այն, ասում․ «Ասում է՝ տո՛ւր»։ Փաստորեն հողն ասում էր․ «Սերմեր ցանելու ժամանակն է, սերմի՛ր»:
Բուսաբանները պնդում են, որ ծառերի արմատները սկսում են աշխատել մինչեւ գարնան գալը, երբ դեռ լրիվ ձմեռ է, երբ արտաքինից դեռ չկա գարնան գալու ոչ մի նշան։ Ծառերի արմատների մասին կարելի է ասել՝ «Նրանք տեսնում են այն ապագան, որ դռանը կանգնած է»։ Մեր ապագան տեսնելը եւս դրա պես մի բան է։ Մենք այն զգում ենք ինչ-որ մի վեցերորդ զգայարանով:
Հնարավո՞ր է արդյոք տեսնել գալիքը
Նախ պետք է պատասխանել այս հարցերին՝ իսկ դա սկզբունքորեն հնարավո՞ր է, կարո՞ղ է մարդը տեսնել ապագան:
Մեծ հոգեբան, ժամանակակից հոգեբանության հիմնադիրներից մեկը՝ Ալֆրեդ Ադլերը, այդ հարցին դրական է պատասխանել։ Ավելին՝ նա պնդում է, որ այդ ապագան գուշակելու, տեսնելու ունակությունը տրված է մարդուն շատ հնուց, այն կարելի է նկատել մարդու հոգեկանի բոլոր անկյուններում։
Իր «Հասկանալ մարդու բնությունը» գրքում մի ամբողջ գլուխ նվիրված է այդ հարցին։ Նա գրում է՝ «Հոգեկանը ոչ միայն կարողություն ունի ընկալելու այն, ինչ իրականում կա, այլեւ կանխազգալու եւ կանխատեսելու, թե ինչ է լինելու ապագայում»։ Եվ այդ երեւույթը սերտորեն առնչվում է էմպաթիայի հետ։
Ըստ Ադլերի՝ էմպաթիայի ունակությունը մարդուն տրվել է որպես ինքնապաշտպանական միջոց, որպեսզի նա կարողանա տեսնել հնարավոր վտանգները, կանխել դրանք եւ լավագույնս գործել այդ հայտնվող ապագայում։
Ապագան գուշակելը սերտորեն առնչվում է դիմացինի կամ որոշակի իրադրության հետ մարդու նույնականանալու ունակության հետ։ Երբ մենք մեզ նույնականացնում ենք որեւէ մեկի կամ երեւույթի հետ, սկսում ենք զգալ, թե այն ինչպես է շարունակելու գործել։
Դեպքերի զարգացման հնարավոր ընթացքը տեսնելու մասին շատերն են վկայել։ Լավ դարպասապահը զգում է, թե դեպի որ անկյունն է հարվածում հարձակվողը, իսկ պաշտպանը՝ թե դեպի ուր է կատարվում փոխանցումը։ Առավել եւս շատ կան վկայություններ, որ թիմի անդամներն են զգում թիմակիցների անելիքները։
Նման օրինակները բազմաթիվ են։ Մեզնից յուրաքանչյուրը կարող է հիշել, թե ինչպես է զգացել կամ ինչպես է իրեն երազում հայտնվել ապագայում կատարվելիքը։
Ճշմարտության զգացում
Գյոթեի մասին պատմում են, որ նա ամեն առավոտ նայում էր երկնքին եւ փորձում գուշակել, թե ինչպիսին է լինելու եղանակը։ Իսկ երեկոյան հետհայաց նայում էր անցած օրվան եւ ջանում հասկանալ՝ ինչն էր ճիշտ գուշակել, իսկ ինչը՝ սխալ։ Նա այդպես սովորում էր ճանաչել այն զգացողությունները, որոնք իրեն հուշեցին ճիշտը եւ սխալը։ Նման վարժություններով հնարավոր է մեր մեջ արթնացնել եւ զարգացնել ճշմարտությունը զգալու ունակությունը՝ ճշմարտության զգացումը:
Ճշմարտության զգացումը ճիշտը ստից զանազանելու մարդու ունակությունն է, նման լույսը խավարից զանազանող աչքի։ Որքան այն զարգացած է, այնքան ավելի լավ է մարդը տարբերակում իր մտքում առկա ճիշտն ու սուտը։ Այսօր, երբ այդքան զարգացել են մեդիա միջոցներով մարդկանց վրա ազդելու տեխնոլոգիաները, մարդու համար ճիշտը ստից տարբերակելու միակ ձեւը հոգեկան այս օրգանը զարգացնելն է։ Միեւնույն ժամանակ, որքան ավելի նրբորեն ենք կարողանում տարբերակել ճիշտն ու սուտը, այնքան ավելի պարզ է դառնում նաեւ ապագայի տեսողությունը։
Մենք բոլորս այս կամ այն կերպ զգում ենք ապագան։ Բայց այդ զգացողությունները աղավաղված են: Նրանք ճիշտ են մասնակիորեն միայն այնքանով, որքանով զարգացած է ճշմարտության զգացումը։ Զարգացնելով ճշմարտության զգայարանը՝ մենք զարգացնում ենք ապագան տեսնելու մեր ունակությունը։
Ինչպե՞ս տեսնենք
Ինչպե՞ս հասնենք այդ հայտնվող ապագան տեսնելուն։ Հայտնվող ապագան տեսնելու ճանապարհը հանգամանալից նկարագրված է «Յու տեսության» հիմնադիր, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ավագ դասախոս Օտտո Շարմերի եւ Քեթրին Քաուֆերի հեղինակած գրքում, որ վերնագրված է՝ «Առաջնորդվելով հայտնվող ապագայով»։
Հեղինակները բավականին հիմնավոր ներկայացնում են հայտնվող ապագան տեսնելուն տանող փուլերն ու վիճակները։ Հետաքրքիր է, որ այդ ճանապարհն առավել արդյունավետ է, եթե այն անցնում են խմբով։
Այդ ճանապարհին խմբի անդամները, դեն դնելով բոլոր խանգարող հոգեկան շարժումները, անցնում են «բաց միտք», «բաց սիրտ» եւ «բաց կամք» վիճակներով։ Դա նպաստում է, որ մասնակիցները ոչ թե մերժեն իրենց իմացածի հետ չհամընկնող կարծիքը, այլ տեսնեն այնտեղ անպայմանորեն առկա ճիշտը եւ ամբողջացնեն իրենց ապագայի տեսլականը: Եվ դրա համար պահանջվում է ներքին մղում եւ լսելու ունակություն։
Ըստ հեղինակների՝ այս մեթոդիկայի օգնությամբ կարելի է հասնել փոփոխությունների բազմաթիվ ոլորտներում՝ գործնական, հասարակական եւ անձնական։ Եվ այդ փոփոխությունները համահունչ են լինելու հայտնվող ապագային:
Ժամանակին համընթաց քայլելու համար պետք է սովորենք տեսնել ապագան։ Ընդ որում՝ պետք է սովորենք տեսնել այն ապագան, որն իրոք գալիս է, եւ տարբերենք մեր ցանկությունները իրապես տեսանելի ապագայից։ Դրա համար պահանջվում է զարգացնել ճշմարտության զգայարանը, որով մենք կկարողանանք յուրաքանչյուր արտահայտված մտքում զանազանել առկա ճշմարտությունը եւ դրա հետեւում թաքնված սուտը։ Այս որակները օգտակար են բոլոր ոլորտներում՝ քաղաքականությունում, բիզնեսում, անձնական աճի ճանապարհներին։
Մաթեմատիկոս, տեխնիկական գիտությունների թեկնածու։ Աշխատում է ՏՏ ոլորտում ծրագրավորող։ Հետաքրքրությունների շրջանակը՝ մարդ, հոգեւոր գիտելիք, հոգեբանություն, փիլիսոփայություն։