ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ապրիլի 26-ին Մոսկվա կժամանի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցելու համար: Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ Անտոնիու Գուտերեշին կընդունի նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ըստ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակի տարածած հաղորդագրության՝ Անտոնիու Գուտերեշն ապրիլի 28-ին էլ կայցելի Ուկրաինա, որտեղ աշխատանքային հանդիպում կանցկացնի Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի եւ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:
Գլխավոր քարտուղարի մամուլի ծառայությունն ընդգծել է, որ Գուտերեշը նախատեսում է հանդիպել նաեւ Ուկրաինայում աշխատող ՄԱԿ-ի գործընկերների հետ՝ նրանց հետ բնակչությանը մարդասիրական աջակցություն ցույց տալու ընդլայնմանն ուղղված ծրագրերը քննարկելու համար: