Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հերթական տեսաուղերձում հայտարարել է, որ Կիեւը սկսել է ստանալ այն զենքերը, որ խնդրել էր, սակայն չի նշել՝ ինչ զենքի մասին է խոսքը։ Նա երախտագիտություն է հայտնել արեւմտյան գործընկերներին, որոնք լսել են Կիեւի հորդորները:
Կանադայի պաշտպանության նախարարությունից ավելի վաղ հայտնել էին, որ երկիրը ծանր հրետանի եւ հաուբիցներ է փոխանցել Ուկրաինային։ Իսպանիայի վարչապետն էլ հայտնել էր, որ երկրի ռազմածովային ուժերը 200 տոննա զինամթերք եւ ռազմական տեխնիկա կտրամադրի Կիեւին։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն էլ հայտարարել է Ուկրաինային 800 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի մասին։
Բացի դրանից՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը հայտնել է, որ Միացյալ Նահանգները եւ նրա դաշնակիցները Ուկրաինային համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր են տրամադրում։ Ըստ նրա՝ ՆԱՏՕ-ի մի շարք անդամներ Կիեւին մատակարարում են բաղադրիչներ, որոնց շնորհիվ Ուկրաինայի զինված ուժերը ավելի շատ ինքնաթիռներ գործարկելու հնարավորություն են ստացել։
Նուլանդը տեղեկացրել է նաեւ, որ Վաշինգտոնը բանակցություններ է վարում Ուկրաինայի իշխանությունների հետ՝ Կիեւին «անվտանգության հավաստիացումներ» տրամադրելու համար։
Ուկրաինական «Եվրոպեյսկայա պրավդա» պարբերականը Նուլանդին խնդրել է հստակեցնել՝ «անվտանգության երաշխիքնե՞ր», թե՞ «անվտանգության հավաստիացումներ»: Բանն այն է, որ «անվտանգության հավաստիացումների» դեպքում պաշտպանության հստակ երաշխիքներ չեն նախատեսվում։
«Ես ասացի այն, ինչ ասացի: Հրապարակավ կարող եմ ասել միայն այդքանը»,- պատասխանել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը: