Ըստ թուրքական «Անադոլու» գործակալության հաղորդագրության՝ Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուղերձ է հղել Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին:
Իր ուղերձում Էրդողանը հերթական անգամ խուսափել է պատմական իրողությունն իր իրական անունով կոչելուց: Ավելին՝ Թուրքիայի նախագահը 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված մեծագույն ոճրագործությունը ներկայացրել է իբրեւ Առաջին աշխարհամարտի տարիներին տեղի ունեցած ցավալի իրողություն։
«Այսօր դուք հավաքվել եք Ստամբուլի Հայոց պատրիարքարանի հարկի տակ՝ ոգեկոչելու Առաջին համաշխարհային պատերազմի դժվարին պայմաններում իրենց կյանքը կորցրած օսմանցի հայերի հիշատակը։ Ես եւս մեկ անգամ հարգանքով ոգեկոչում եմ զոհված օսմանցի հայերին եւ իմ անկեղծ վշտակցությունը հայտնում նրանց ողջ մնացած բարեկամներին»,- մասնավորապես ասված է Էրդողանի ապրիլքսանչորսյան ուղերձում։
Նախորդ տարիների պես Թուրքիայի նախագահն այս տարի եւս հայտարարել է, թե «միլիոնավոր օսմանցի զավակների համար տառապանքներով լի ժամանակաշրջանը՝ Առաջին աշխարհամարտը», համընկել է Օսմանյան կայսրության վերջին տարիների հետ:
Էրդողանը կոչ է արել միասին բուժելու անցյալի վերքերն ու մարդկային կապերն էլ ավելի ամրապնդել եւ միասին կառուցել ապագան: Նա ընդգծել է, որ մարդկության պարտքն է առանց որեւէ կրոնական, էթնիկական կամ մշակութային խտրականության ըմբռնել եւ հաղորդակից դառնալ ընդհանուր ցավերին:
«Մեր հարեւան Հայաստանի հետ այս նպատակով դրական գործընթաց ենք սկսել: Գիտեմ եւ շատ կարեւորում եմ այն հանգամանքը, որ կարգավորման գործընթացին անկեղծորեն աջակցում են նաեւ մեր հայկական ծագումով քաղաքացիները, որոնք կողմ են երկու հարեւան երկրների միջեւ սերտ համագործակցությանը»,- հայտարարել է Էրդողանը՝ ակնկալելով, որ Թուրքիայի հայ համայնքը եւս մասնակցություն կունենա այս գործընթացին։
Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի Հայոց պատրիարք Մաշալյանին իր ուղերձում հույս է հայտնել, որ երկար տարիներ անց մեր տարածաշրջանում մնայուն խաղաղության ու կայունության հաստատման համար ընձեռված պատմական հնարավորությունը կգնահատվի, եւ այդ հարցում ակնկալել է նաեւ Թուրքիայի Հայոց պատրիարքի ու հայ համայնքի կարեւոր նպաստը:
«Ցանկանում եմ՝ վստահ լինեք՝ բոլոր ջանքերը գործադրելու ենք, որպեսզի այս հողերում սերունդներ շարունակ համատեղ կյանքի ընթացքում մեր մշակութային ու քաղաքակրթական կյանքում անջնջելի հետք թողած մեր հայ քաղաքացիներն իրենց կյանքը շարունակեն խաղաղության, անվտանգության ու վստահության պայմաններում»,- եզրափակել է Թուրքիայի նախագահը։