Սերժ Սարգսյանի հրաժարականից չորս տարի է անցել: 2018-ի ապրիլի 23-ին՝ ընտրվելուց մեկ շաբաթ անց, նա հայտարարեց վարչապետի պաշտոնը թողնելու մասին:
Նոր իշխանությունն էլ ի պատիվ 2018-ի ապրիլյան իրադարձությունների, ի պատիվ «ոչ բռնի թավշյա հեղափոխության», «Տոների եւ հիշատակի օրերի» մասին ՀՀ օրենքում ամրագրել է Քաղաքացու օրը։
Որպես տոն՝ այդ օրը միայն 2019-ին շուքով նշվեց: Հանրապետությունով մեկ զանազան միջոցառումներ էին կազմակերպվել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ Երեւանի կենտրոնում դուրս էր եկել երթի, շփվում էր քաղաքացիների հետ, խորոված համտեսում (փորձելով հասկանալ՝ Իջեւանի խոզ է, թե ոչ):
Արդեն 2020-ին կորոնավիրուսի համավարակի պատճառով ամբողջ երկրում արտակարգ դրություն հայտարարվեց, չեղարկվեցին նաեւ այդ օրվա միջոցառումները:
2021-ին էլ որեւէ մեկը Քաղաքացու օր նշելու «սիրտ չուներ». հինգ ամիս էր անցել ցավալի պարտությունից, թարմ էին աղետալի պատերազմի վերքերը: Եվ բացի այդ, քանի որ Հայաստանում քաղաքական կրքերը լարված էին, եւ իշխանությունը հայտարարել էր արտահերթ ընտրությունների անցկացման մտադրության մասին, այդ օրը Նիկոլ Փաշինյանը հրաժարական ներկայացրեց վարչապետի պաշտոնից:
Այս տարի Քաղաքացու օրը նշելու նպատակով ՀՀ պետական բյուջեից նախատեսված է մոտ 40 մլն դրամ տրամադրել: Եվ երբ խորհրդարանական ընդդիմությունը բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ քննադատում էր իշխանությանը նման շռայլության համար, Կառավարության ներկայացուցիչները հակադարձեցին, թե ոչ միայն այդ օրը պետք է նշվի, այլեւ հնարավորության դեպքում հատկացվելիք գումարը պետք է ավելացվի:
Թե ինչպես է ծախսվելու այդ գումարը, ինչ է արվելու դրա շրջանակում, պարզ չէ. համենայն դեպս, իշխանությունները չեն ներկայացրել իրենց ծրագիրը:
Թեեւ սա արդեն կարեւոր չէ: Քաղաքացու օրը որեւէ մեկը չի հիշում ու կարևորում։ Լավագույն դեպքում իշխանությունները ուղերձներ կհղեն ու ամեն ինչ դրանով կավարտվի։
Եթե անկեղծ, ստեղծված իրավիճակը միանգամայն բնական է: Կար ժամանակ, երբ թվում էր՝ քաղաքացին բարձրագույն արժեք է իշխանությունների համար: Հիմա՝ ընդհակառակը: Շատ հեռուն պետք չէ գնալ. ընդամենը մի քանի օր առաջ ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կրկին խոսելով 44-օրյա պատերազմի մասին, խոստովանեց. «Ինձ պետք է մեղադրել ոչ թե հողեր հանձնելու, այլ հողեր չհանձնելու մեջ: Հանձնելով գուցե փրկեի հազարավոր կյանքեր, իսկ չհանձնելով, փաստորեն, հազարավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ դարձա»: Պատերազմից հետո էլ նման հայտարարություններ նա արել էր ոչ մեկ անգամ:
Այլ կերպ ասած, Փաշինյանն, ըստ էության, խոստովանեց, որ կարող էր առանց պատերազմի ու առանց զոհերի՝ բանակցությունների եւ փոխզիջման արդյունքում գնալ խնդրի լուծման, բայց նախընտրեց գնալ պատերազմի, գրանցել ջախջախիչ պարտություն, տալ մեծ թվով զոհեր ու վերջապես զիջել ավելին, քան պահանջվում էր բանակցություններով։ Ինչպես ինքն է մի առիթով ասել, հակառակ դեպքում կասեին դավաճան:
Եվ այս խոսքերին հաջորդեց ոչ թե հրաժարականի մասին հայտարարությունը, այլ կարճ ժամանակ անց ականատես եղանք նույն մանիպուլյացիաներին ու հոխորտանքներին:
Մինչդեռ խոսքը հազարավոր զոհերի մասին է: Հազարավոր սգացող ընտանիքների: Տասնյակ գերիների:
Թեեւ, հիշում եք, այս տարվա սկզբին էլ ԱԺ նախագահի մակարդակով հայտարարվեց՝ «գերիներին համարում եմ, որ արդեն իրենք չկան»: Սա՝ հակառակ այն բանի, որ այդ գերիները ՀՀ քաղաքացի են եւ, Սահմանադրության համաձայն, ՀՀ սահմաններից դուրս Հայաստանի պաշտպանության ներքո են գտնվում: Գոնե այդպես է նախատեսել մայր օրենքը:
Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել: