Կարպիս Փաշոյանն իր «Զատել Տեր-Պետրոսյանին նրա տեքստերը վերարտադրողներից» հոդվածում սուր, որոշ դրվագներում՝ ջախջախիչ քննադատության է ենթարկում Լեւոն Տեր-Պետրոսյանի տեքստերը «վերարտադրողներին» եւ նախագահի հայտնի հոդվածին հղում անողներին։ Քանի որ վերջերս ես էլ հրապարակել եմ մեկ-երկու տեքստ, որոնցում առանց թաքցնելու հղումներ կան առաջին նախագահի «Պատերազմ, թե խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածին, ապա ինքս ինձ համարում եմ Կարպիսի հոդվածի հասցեատեր, իհարկե, ոչ միակ հասցեատերը։
Կարպիսի հոդվածը, կարծում եմ, հրաշալի առիթ է սկսելու մի խոսակցություն, որը Հայաստանի անկախությունից ի վեր չի ստացվում։ Ես չեմ կարծում, թե ներկայումս այդ խոսակցության հնարավորությունները շատ են, քանի որ հանրային-քաղաքական օրակարգերում առկա աղմուկի, կեղծ ազգայնամոլական մոլեգին տեքստերի ու քարոզչության տենդի պայմաններում չափազանց դժվար է ոչ միայն զգացմունքայնությունից զերծ, արդյունավետ բանավեճ ենթադրող եւ առնվազն լուծման ուղիներ գտնելուն հակված քննախոսության ծավալումը, այլեւ ընդհանրապես բարեկրթության սահմաններում, հայհոյախոսությունից ու պիտակավորումներից անդին զրույցը։
Սակայն, որպես հանրային տիրույթում տեքստեր հրապարակող մարդ, որն իր բաժին պատասխանատվությունն է զգում առկա մթնոլորտում, կփորձեմ անդրադառնալ Կարպիսի հոդվածի մի շարք դրվագների։
Նախ, խոստովանեմ, չափազանց դժվար է երբեմն դիմանալ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Վանո Սիրադեղյանի, Բաբկեն Արարքցյանի, Ժիրայր Լիպարիտյանի եւ այս սերնդի գործիչների հրապարակած տեքստերին, քաղաքական ու քաղաքագիտական գնահատականներին հղումներ անելու գայթակղությանն այն պայմաններում, երբ դրանցից շատերը ցավալիորեն մարգարեական են դարձել։
Սա ակնհայտ փաստ է։ Մենք այսօր գտնվում ենք մի իրականության մեջ, որը կարդում ենք 1990-ականների վերջին, 2000-ականների սկզբին վերոնշյալ գործիչների հրապարակած հոդվածներում, հնչեցրած ելույթներում եւ տարբեր աշխատություններում։
Ըստ այդմ Կարպիսի մեղադրանքները, թե նախագահին հղում անող վերլուծաբաններն ու հրապարակախոսները զբաղված են «տեքստային սպեկուլյացիայով» (տերմինն իմն է), առնվազն մասամբ տեղին չեն, քանի որ լավ տեքստեր կարող են գրվել միայն լավ տեքստեր կարդալուց հետո։ Մենք ունենք այդպես էլ քաղաքագիտական հոսանքի չվերածված տերպետրոսյանական տեքստեր, որոնց էլ, ուզած-չուզած, երբեմն հղումներ ենք անում։
Լեւոն Տեր-Պետրոսյանի հոդվածը՝ քաղաքական պլատֆորմ
Պիտի համաձայնեմ Կարպիսի հետ, որ հիշատակված տեքստերի շարունակական վերարտադրությունը չի բերում եւ չի էլ կարող ծնել նորարարություն, նոր միտք, նոր խոսք եւ նոր ուղղություն։ Ինչ խոսք, նախագահի՝ ներկայումս, թույլ տվեք ասել, «մոդայիկ» դարձած հոդվածը գրվել է այնպիսի պայմաններում, որը դույզն-ինչ աղերս չունի իրերի առկա դրության հետ։
Հոդվածը քաղաքական պլատֆորմ էր, որը չստացավ ո՛չ քաղաքական, ո՛չ էլ հանրային աջակցություն. պատճառներն այլ թեմա են։ Հետագա տարիների ընթացքում եւս Տեր-Պետրոսյանի առաջարկած քաղաքական պլատֆորմը չունեցավ աջակցություն։
Թե որն էր այդ պլատֆորմի բովանդակությունը, թերեւս հայտնի է, եւ Կարպիսն ինքն էլ գնահատում է այն «հաղթանակի լայնախոհությունից ծնված»։ Այս տեսանկյունից սույն տեքստին հղումները ներկայումս հաճախ պայմանավորված են մոդայիկության ազդեցությամբ, հաճախ էլ իշխանությանը քննադատելու նպատակով։ Բնականաբար նշված ելակետերը ի սկզբանե սահմանում են նորարարության բացակայությունը։
Հոդվածը որպես քաղաքագիտական աշխատություն
Տեր-Պետրոսյանի հոդվածը վերոնշյալ ասպեկտից զատ նաեւ հստակ եւ առանց քողարկումների քաղաքագիտական տեքստ է՝ իր սկզբունքներով ու հիմնադրույթներով, կառուցվածքով, վերլուծական տրամաբանությամբ։ Կարելի է համաձայնել կամ չհամաձայնել այդ դրույթներին, սա բոլորովին այլ հարց է, բայց տեքստի վերլուծական բնույթը հոդվածը դարձնում է անկյունաքարային գիտական տեսանկյունից։
Այս առումով թեկուզ եւ Կարպիսին նյարդայնացնում են հոդվածին հղումները, այնուամենայնիվ պետք է արձանագրենք, որ խնդրո առարկա շրջանակում դրա քաղաքագիտական արժեքը զատված է հեղինակի անձից, այնպես, ինչպես ցանկացած այլ քաղաքագիտական հոդված կամ աշխատություն։ Վերջապես հոդվածի կամ աշխատության նպատակը հենց հանրային, հրապարակախոսական կամ վերլուծական քննարկումն է, համաձայն կամ դեմ լինելը, մի խոսքով՝ բանավեճի մեկնարկը։
Այլ կերպ ասած՝ հրապարակման պահից ի վեր տեքստը «հանրային սեփականություն» է իր ուրույն «կյանքով», եւ ցանկացած հղում այդօրինակ տեքստերին առավել քան օրինաչափ է։ Այստեղ, եթե օգտվեմ Կարպիսի ձեւակերպումից, կարող եմ նշել, որ պետք է «զատենք Տեր-Պետրոսյանին իր իսկ տեքստերից» եւ դրանց հղումների կամ դրանց շուրջ բանավեճի ելակետն ընդունենք ոչ թե մեր կամ որեւէ այլ քաղաքական խմբի վերաբերմունքը Լեւոն Տեր-Պետրոսյան պետական գործչի եւ նրա գործունեության նկատմամբ, այլ զուտ բուն տեքստը։ Ինչ խոսք, հասկանում եմ նաեւ, որ սա բարդ խնդիր է։
Ի դեպ այստեղ էլ Կարպիսը կարող է քննադատել, որ հիմա էլ հղում եմ անում Ռոլան Բարտի «Հեղինակի մահը» հոդվածին, բայց ոչինչ։ Ասվածի համատեքստում, կարծում եմ, կարող է անհիմն մտասեւեռում դառնալ Տեր-Պետրոսյանից «զատվելու» ձգտումը, քանի որ հոդվածը կա, իսկ գրերը՝ բուլգակովյան տրամաբանությամբ, չեն այրվում։ Եվ ուրեմն, ըստ իս, հնարավոր չէ հավակնել նորարարության՝ հաշվի չառնելով անցյալի տեքստերը։ Անշուշտ, այլ հարց է, որ այդ տեքստերին հղումները ոչ թե միտված են նոր մտքի ծննդի, այլ, ինչպես արդեն ասացինք, հաճախ քարոզչական նեղ նպատակներ են հետապնդում։
Դիպվածայնության խնդիրը. «լեւոնականություն»
Լեւոն Տեր-Պետրոսյանի հոդվածը եւ մնացյալ տեքստերը, սակայն, մնացին որպես դիպված եւ, ինչպես վերեւում նշեցինք, չդարձան քաղաքական եւ քաղաքագիտական հոսանքի ելակետ։ Այստեղ կրկին պետք է համաձայնեմ Կարպիսի հետ, որ նույն տեքստերի տարբեր ատրիբուտներով ու տառադարձություններով կրկնությունները չեն կարող հավակնել քաղաքագիտական մտքի անգամ կես քայլ առաջընթաց ապահովելուն։ Գուցե թե նաեւ Տեր-Պետրոսյանի ոչ բավարար ջանքով կամ թողտվությամբ նրա եւ նրա մի խումբ գաղափարակիցների ակտիվ քաղաքական կյանքից հեռանալուց հետո այդպես էլ Տեր-Պետրոսյանի քաղաքական համակիրները չկարողացան միավորվել կուռ գաղափարական գծի շուրջ, եւ ըստ այդմ առաջին նախագահի մի քանի հոդվածները, որոնց արժեքը ես չեմ հավակնի վիճարկել, մնացին առանձին դիպվածներ։
Սա բերեց նրան, որ Կարպիսի ասած «լեւոնականությունը» մնաց զուտ առաջին նախագահի նկատմամբ անհատական ու անձնական անվերապահ սիրո և համակրանքի չափումներում կամ, ինչպես Կարպիսն է ասում, «հերձվածի» տրամաբանության մեջ։ Ըստ էության, իրենց «լեւոնական» նույնականացնողներն այդպես էլ հանդես չեկան կամ չկազմեցին քաղաքական հոսանք։
Այստեղ միանշանակ պետք է զատել պայմանական «լեւոնականությունը» առաջին նախագահի ներկայացրած քաղաքական ուժից։ Այս առումով ինձ համար տարօրինակ է Կարպիսի մի ձեւակերպում, թե «Սա կապ չունի «լեւոնականության» եւ նրա սահմանած արժանապատիվ խաղաղության ու բարիդրացիության հետ», այսինքն՝ Կարպիսը ելակետ է ընդունում «լեւոնականության» գոյությունը որպես քաղաքական կամ քաղաքագիտական կամ ինձ անհայտ հոսանք, որն ունի «սահմանած» հիմնադրույթներ։ Կարծում եմ՝ ամբողջ խնդիրը հենց ընդգծված ասպեկտներով «լեւոնականության» բացակայությունն է, իհարկե, ես համաձայն չեմ նաև «լեւոնականություն» եզրույթի հետ։
Այս համատեքստում բավական բարդ եւ խնդրահարույց է կոնկրետացումը, թե ինչ քաղաքական տարամաբանության ծիրում ենք ես կամ Կարպիսը գտնվում, քանի որ հղումներ անելով, բազմաթիվ դրվագներով համաձայնելով տերպետրոսյանական բազմաթիվ տեքստերին, միեւնույն ժամանակ, պնդում եմ, որ «լեւոնականություն» գոյություն չունի որպես քաղաքական հավատամք կամ հոսանք, ընդ որում, նախկինում եւ ներկայումս էլ երբեք չեմ եղել առաջին նախագահի ներկայացրած քաղաքական ուժի ներկայացուցիչ կամ համակիր։
Առանցքային խնդիրը
Կարպիսին նյարդայնացնում են Լեւոն Տեր-Պետրոսյանի առավել հայտնի տեքստերի վերարտադրությունները, եւ որպես ելք նա առաջարկում է «մեխանիկական վերարտադրության ենթարկել» նախագահի այլ տեքստեր։ Այս միտքն ինձ համար անհասկանալի է, որովհետեւ ե՛ւ Տեր-Պետրոսյանի անհատականությունը, ե՛ւ նրա տեքստերի մակարդակը միշտ էլ ստվերելու են մեջբերողին կամ վերարտադրողին՝ անկախ նրանից լայնորեն հայտնի հոդվածի, թե գիտական աշխատության մասին է խոսքը։ Բացի այս, արդյոք որեւէ երաշխիք կա, որ առաջին նախագահի կամ նրա գաղափարակիցների այս կամ այն տեքստի շուրջ թեկուզ բովանդակային քննարկումները կարող են բերել նորարարության, քաղաքական մտքի լճացումից դուրս գալուն, հրապարակախոսական մտքի զարգացման եւ այլն։
Ու քանի որ իմ կարծիքով չկան նման երաշխիքներ, ավելին՝ նշված տեքստերին հղումները կարող են բերել քաղաքական շահարկումների եւ արդյունքում բովանդակային բանավեճի բացառման, ուստի ես Կարպիսին կառաջարկեմ այլ ելք։ Եկե՛ք խոսենք, գրենք իր հոդվածում առկա մի շարք խորքային հիմնախնդիրների մասին՝ հայ-թուրքական հարաբերություններ, հայ-ռուսական հարաբերություններ, խաղաղության եւ պատերազմի այլընտրանքներ, գրենք առանց հղելու Տեր-Պետրոսյանին, գրենք մեր կարողացածի, մեր պատկերացրածի չափով, մեր առաջարկով կամ ժխտողականությամբ։
Ի վերջո, ով, եթե ոչ մեր սերնդակիցները պետք է ապահովեն բազմիցս ծեծված, այդ թվում՝ իմ ու Կարպիսի կողմից, այսպես կոչված, ռացիոնալ մտքի գոյութենականությունը։ Ովքեր, եթե ոչ ստեղնաշարին մոտեցողներս պետք է կարողանանք խոսել առանց քաղաքական ու քարոզչական նախապաշարմունքների, զուտ պատեհության բերումով եւ, ամենակարեւորը, հնչող խոսքի հանդեպ գերագույն պատասխանատվությամբ։
Ի վերջո մի անգամ ֆեյսբուքյան մի գրառման մեջ գրել եմ, որ իմ կողմից հաճախ մեջբերվող սիրադեղյանական ու տերպետրոսյանական տեքստերն ինձ համար չափազանց ողբերգական են, որովհետեւ կորուսյալ հնարավորությունների մասին են։ Ուստի խոսենք ներկայի ու հնարավոր գալիքի հեռանկարն աչքի առաջ ունենալով, իհարկե, կարդալով, հասկանալով անցյալը, չթերագնահատելով որևէ տեքստ։