Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանի՝ մեջլիսին ներկայացրած Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագիծը հետ է ուղարկել: Որոշումը հիմնավորվել է նրանով, որ առաջարկը հակասում է Թուրքիայի խորհրդարանի ներքին կանոնադրության դրույթներին։
Փայլանի՝ ապրիլի 23-ին ներկայացրած օրինագիծը ենթադրում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սահմանել պատասխանատուներին, հանրային վայրերից հեռացնել ցեղասպանության մեղավորների անունները, փոխարենը այդ վայրերը անվանակոչել ցեղասպանությանը ընդդիմացած քաղծառայողների անուններով, տուժածներին եւ նրանց ընտանիքների անդամներին Թուրքիայի քաղաքացիություն շնորհել:
Իրավական գործընթաց՝ ընդդեմ Փայլանի
Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) մտադիր է իրավական գործընթաց սկսելու ընդդեմ Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանի՝ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել պահանջող հերթական օրինագիծը թուրքական մեջլիս ներկայացնելու համար:
Թուրքիայի նախագահի ղեկավարած ԱԶԿ-ի խոսնակ Օմեր Չելիքն իր թվիթերյան գրառման մեջ դատապարտել է Փայլանի օրինագիծը։
«Ոչ ոք չի կարող մեր ժողովրդին զրպարտել ցեղասպանության մեջ։ Իսկ գերագույն մեջլիսի հարկի տակ գտնվող անձի կողմից նման քայլը քաղաքական անբարոյականություն է»,- գրել է նա։
Չելիքը հայտարարել է, թե Փայլանը պետք է ներողություն խնդրի թուրք ժողովրդից: Նա հավելել է, որ այդ հարցով անհրաժեշտ է իրավական գործընթաց սկսել։
Գարո Փայլանը մենակ չէ
Ի պաշտպանություն ատելության խոսքի թիրախ դարձած Կարո Փայլանի՝ սոցմեդիայի թուրքական տիրույթում տարբեր հեշթեգերով աջակցության արշավ է սկսվել։ Սոցցանցերում պոլսահայ պատգամավորին զորակցող գրառումները շատանում են: