Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձը՝ այն դասելով «քաղաքական նպատակներով պատմական իրողությունները խեղաթյուրող հայտարարությունների ու որոշումների» շարքին:
Հայտարարության մեջ նշված է, որ «Թուրքիան հարգանքով հիշում է օսմանյան բոլոր քաղաքացիների, այդ թվում` հայերի ապրած ցավերը եւ մերժում է այդ վիշտը քաղաքականության նյութ դարձնելու փորձերը»:
«Անկարան կողմնակից է 1915 թվականի դեպքերի անկողմնակալ գիտական եւ իրավական սկզբունքների շրջանակներում ուսումնասիրությանը եւ այս առումով առաջարկել է պատմաբանների հանձնաժողով հիմնել՝ բացելով իր արխիվները: Թուրքիան ջանքեր է գործադրում տարածաշրջանում ու աշխարհում խաղաղության եւ կայունության հաստատման համար: Հայաստանի հետ սկսված կարգավորման գործընթացը այս մտայնության մեկ այլ ցուցիչ է»,- ասված է հայտարարության մեջ:
Թուրքիայի արտգործնախարարը եւս արձագանքել է ԱՄՆ նախագահի ապրիլքսանչորսյան ուղերձին։ Մեւլութ Չավուշօղլուն Թվիթերում արեւմտյան առաջնորդներին, մասնավորապես Ջո Բայդենին եւ Էմանուել Մակրոնին մեղադրել է «երեսպաշտ մոտեցման համար»:
«Արեւմտյան որոշ առաջնորդներ վերջերս պաշտպանում են այն տեսակետը, թե «ցեղասպանությունը» միայն դատարանի որոշմամբ կարող է հաստատվել։ Ճիշտ է։ Բայց նույն մարդիկ 1915 թվականի դեպքերի համար քաղաքական դրդապատճառներով օգտագործել են «ցեղասպանություն» բառը՝ առանց իրավասու դատարանի որոշման, եւ սա նրանց երկերեսանիության ամենացայտուն օրինակն է»,- գրել է Չավուշօղլուն։