ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը NBC հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները հազիվ թե ի վիճակի լինի հետեւելու՝ ում ձեռքում է հայտնվում Կիեւին փոխանցված զենքը. խոսքը մասնավորապես պատերազմի ժամանակ կիրառվող եւ Դոնբասի զինվորականների ձեռքում հայտնված Stinger-ի եւ Javelin զինատեսակների մասին է։
Նա նշել է, որ ԱՄՆ-ը բանակցություններ է վարել Ուկրաինայի նախագահի եւ պաշտպանության նախարարի հետ զինատեսակները հնարավորինս արդյունավետ կերպով իրենց նպատակակետին հասցնելու անհրաժեշտության վերաբերյալ։
Պենտագոնի ղեկավարը, ամփոփելով Ուկրաինայի իշխանությունների հետ բանակցությունները, հայտարարել է, որ ԱՄՆ-ը ձգտում է ՌԴ-ին այն աստիճան թուլացնելու, որ Մոսկվան ի վիճակի չլինի ձեռնարկելու գործողություններ, ինչպես արեց Ուկրաինայում:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանին զսպելու եւ թուլացնելու քաղաքականությունը Արեւմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, իսկ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ամբողջ աշխարհի տնտեսությանը: Պուտինը հավելել է, որ Արեւմուտքի հիմնական նպատակը միլիոնավոր մարդկանց կյանքի վատթարացումն է:
Պուտինն ընդգծել է, որ ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը զանց են առել Ռուսաստանի առջեւ պարտավորությունները՝ արժութային պահուստները սառեցնելով։ ՌԴ նախագահը հավելել է, որ ներկա իրադարձությունները վերջ են տալիս Արեւմուտքի գլոբալ գերիշխանությանը ե՛ւ քաղաքականության, ե՛ւ տնտեսության մեջ: