Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակ Ռուսլան Ստեֆանչուկը, պատասխանելով «արդյոք Ուկրաինան կհանի՞ սահմանադրությունից ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին կետը» հարցին, հայտարարել է, որ Ուկրաինան չի փոխի սահմանադրության մեջ ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ կետերը։
«Սահմանադրության փոփոխությունն ինքնանպատակ չէ եւ երբեք չի լինի»,- ասել է խոսնակը «Ուկրաինսկա պրավդա»-ի հետ հարցազրույցում։
Ավելի վաղ Ստեֆանչուկը ուկրաինական «1+1» հեռուստաալիքի եթերում հայտարարել էր, թե ՆԱՏՕ-ին անդամակցելու Ուկրաինայի մտադրության առնչությամբ երկրի սահմանադրությունում փոփոխությունները չի բացառում։ Մարտի 15-ին նախագահ Զելենսկին հայտարարել էր՝ եկել է ժամանակը՝ Կիեւը համակերպվի, որ Ուկրաինան չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ։
Կիեւի հետ բանակցություններում էլ Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարել էր, որ Ուկրաինան, ըստ էության, համաձայնել է ՌԴ-ի հիմնարար պահանջներին՝ չանդամակցել ՆԱՏՕ-ին եւ հրաժարվել երկրում օտարերկրյա ռազմակայաններ տեղակայելուց։