Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է, որ Ռուսաստանը նոտա է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգներին՝ պահանջելով դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը:
«800 միլիոն դոլար. Վաշինգտոնն այս գումարի զենք կմատակարարի Կիեւին: Սա հսկայական թիվ է, չի նպաստում իրավիճակի դիվանագիտական լուծմանը: Այո, նոտա ենք հղել եւ ընդգծել, որ անընդունելի ենք համարում, երբ Ամերիկայի Միացյալ Նահանգները զենք է մատակարարում Ուկրաինային: Մենք պահանջեցինք դադարեցնել այդ պրակտիկան»,- ասել է ռուս դիվանագետը։
Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանն Ուկրաինային զենքի մատակարարումն անվանել է խաղադրույքներն էլ ավելի բարձրացնելու, իրավիճակն էլ ավելի սրելու, ավելի շատ կորուստներ տեսնելու փորձ։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաստատել է ամերիկյան լրատվամիջոցների տեղեկությունը, ըստ որի՝ Մոսկվան Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով նոտաներ է ուղարկել բոլոր երկրներին, այդ թվում՝ ԱՄՆ-ին։