ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեկ չափազանց անխնա, չափազանց «կրքոտ» կիրառեց «ցեղասպանություն» բառը։ Եվ դրա համար հիմքեր կային։ Նախորդ տարի ԱՄՆ նախագահը, այդ բառն իր տեքստում առաջին եւ մեկ անգամ օգտագործելով, Թուրքիային Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու ազդակ հղեց։
Բայդենն ակնարկում էր, որ այդ հարաբերությունները չկարգավորման պատճառ այլեւս չունեն։ Եթե նախկինում Թուրքիան վկայակոչում էր հայկական զինուժի կողմից Ադրբեջանի գրաված տարածքները, ինչպես նաեւ բուն Ղարաբաղի հարցը, ապա 44-օրյա պատերազմից հետո այդ թեման այլեւս չկա։
Չկա նաեւ նախկինում Հայաստանի արտաքին քաղաքականության դոկտրինը «ծանրաբեռնած» Ցեղասպանության միջազգային ճանաչումը, Հայաստանն այլեւս դա չի պնդում։ Թուրքիան կարծես թե հասկացել էր Բայդենի անցյալ տարվա ապրիլքսանչորսյան ելույթի ուղերձը։ Իսկապես ինչ-որ շփումներ եղան, մեր արտգործնախարարն այցելեց Թուրքիա, սեղմեց Թուրքիայի «Գորշ գայլերի» երկրպագու ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի ձեռքը։
Կարճ ասած՝ հայ-թուրքական հարաբերություններին խանգարող ոչինչ չկա։
Մեկ տարին քիչ ժամանակ չէր, որպեսզի Թուրքիան որպես բարի կամքի նշան թեկուզ Հայաստանի դիվանագիտական կորպուսի համար բացեր սահմանները։ Սա պնդում էին նաեւ Հայաստանի իշխանությունները։ Բայց մեկ տարի անցավ, եւ հայ-թուրքական հարաբերությունները մեծ հաշվով նույն կետում են, որում կային մինչեւ 2021-ի ապրիլի 24-ը։
Եվ Ջո Բայդենը երեկ մի փոքրիկ տեքստում չորս անգամ հիշատակեց Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաեւ Մեծ եղեռնը։ Նա դիմում է Թուրքիային։ Նա ասում է, որ Ամերիկայի համբերությունը սահման ունի, հայ-թուրքական հարաբերությունները տեղից չեն շարժվում, եւ որ Ամերիկան կոնկրետ քայլեր է ուզում տեսնել հատկապես, որ խոչընդոտներ չկան։
Ամերիկան այդ հարաբերությունները կարեւորում է նաեւ հայ-ռուսական ականապատ հարաբերությունների տեսանկյունից, որոնք ցանկացած պահի կարող են պայթել, եթե Հայաստանը ժողովրդավարական, ֆինանսական եւ քաղաքական լուրջ աջակցություն ստանա Արեւմուտքից։ Բայց այս պահին Թուրքիան հակառակի նման ավելի ջերմ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, իսկ Էրդողանը խաղաղասիրության ավելի մեծ «առաքելություն» է վերցրել իր վրա, որի հետ համեմատած՝ հայ-թուրքական հարաբերությունները դիվանագիտական քարտեզում նույնիսկ չկան էլ։
Մինչեւ հաջորդ ապրիլի 24-ը Թուրքիան առարկայական որեւէ քայլի կգնա՞, դժվար է ասել, նա կարծես թե կարգին դիմադրոում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը։ Եվ սա Ամերիկան գոնե գիտի։ Ու դժվար թե նա չունենա իր ավելի ցավեցնող քայլը Թուրքիայի դեմ։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: