Ըստ թուրքական Sabah պարբերականի հաղորդագրության՝ Ստամբուլի 13-րդ քրեական դատարանում ապրիլի 25-ին տեղի է ունեցել հայտնի իրավապաշտպան, հասարակական գործիչ եւ գործարար ավելի քան չորս տարի անազատության մեջ գտնվող 64-ամյա Օսման Կավալայի վերաբերյալ դատական գործի եզրափակիչ նիստը:
Գեզի այգու բողոքի ակցիաների կազմակերպման ու ֆինանսավորման համար մեղադրվող Օսման Կավալան, հակառակ արեւմտյան պետությունների դիվանագիտական ճնշմանն ու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2019-ին ընդունած վճռին, որը թուրքական իշխանություններին պարտավորեցնում էր անհապաղ ազատ արձակել կալանավորված գործչին, այդուհանդերձ մեղավոր է ճանաչվել իշխանության բռնի տապալման փորձի համար եւ դատապարտվել ծանր պայմաններով ցմահ ազատազրկման:
Թուրքական դատախազությունն ավելի վաղ պնդում էր, թե Կավալան ֆինանսավորել է 2013-ի ամռանը տեղի ունեցած լայնածավալ բողոքի ակցիաները, որոնք սկիզբ առան Ստամբուլի Գեզի զբոսայգու կառուցապատման դեմ ցույցերից։
Նույն գործով մեղադրվող քաղաքացիական հասարակության եւս 7 ներկայացուցիչներ, նրանց թվում Չիդեմ Մաթերն ու Մինե Օզերդենը, դատապարտվել են 18 տարվա ազատազրկման:
Օսման Կավալան, որ տարիներ շարունակ աջակցել է հայերին ու Հայաստանին, պայքարել հայերի մշակութային ժառանգությունը պահպանելու, ազգամիջյան տարաձայնությունները հարթելու համար, բազմիցս եղել է Հայաստանում: