Բրիտանական The Observer պարբերականը հոդված է հրապարակել Ուկրաինայում Ռուսաստանի զինված ուժերի «հատուկ ռազմական գործողությունից» ի վեր ՌԴ-ն լքած ռուսաստանցիների` արդեն հուշ թվացող ոչ հեռավոր անցյալի, առօրյա հոգսերի ու սեփական երկրի եւ իրենց ճակատագրի շուրջ մտահոգությունների մասին:
Երբ պատերազմը սկսվեց, նախկին լրագրող Օլգա Գլադիշեւան, որն այժմ աշխատում է տեսանյութերի արտադրությունում, միացավ երկրից փախչող տասնյակ հազարավոր ռուսներին:
«Պատերազմը սկսվելուց կարճ ժամանակ անց, խուճապի մեջ ընկնելով, որոշեցի մեկնել Ստամբուլ: Մտածեցի, որ հեռանալու այլ հնարավորություն չեմ ունենա, երբ սահմանները փակվեն: Չէի ուզում երկրում մենակ մնալ, քանի որ բոլոր ընկերներս հեռացել էին: Կարծես Ռուսաստանը վերածվում էր Հյուսիսային Կորեայի»,- ասում է նա:
Ռուսների ներգաղթի այսպիսի ալիքն անսովոր էր
Բայց Թուրքիայում Օլգայի բանկային քարտերն արգելափակվել էին, եւ նա չէր կարողանում գումար փոխանցել Մոսկվայում ապրող մորը: Օլգան գոյատեւում էր ընկերների շնորհիվ:
Նա դժկամությամբ, բայց ստիպված էր վերադառնալ տուն: «Ես վերադարձա անցած շաբաթ: Հիմնական պատճառը փողն էր: Մոսկվայում բնակարան ունեմ, որի համար դեռ վճարում եմ: Կարող էի հեռավար աշխատելել, բայց դա ամենադյուրին տարբերակը չէր, եւ այստեղ՝ Մոսկվայում, ավելի շատ կվաստակեմ: Թուրքիայում կյանքն ինձ համար կայուն չէր»:
Այժմ, երբ Ռուսաստանի պատերազմը մոտենում է երրորդ ամսին, եւ հայտնի չէ՝ երբ կավարտվի, հապճեպ որոշումներ ընդունելով շատ ռուսներ լքում են երկիրը՝ առերեսվելով արտագաղթի ծանր իրողություններին, մասնավորապես փակ սահմաններին եւ բանկային պատժամիջոցներին:
Շատ ռուսներ մեկնել են ընդմիշտ, մյուսները հետ են եկել հիվանդ ծնողների մասին հոգ տանելու կամ բիզնեսի կառավարման նպատակով:
«Դա իսկական ընտանեկան դրամա էր,- ասում է անցյալ շաբաթ Հայաստանից վերադարձած տեխնոլոգիական ստարտափի համահիմնադիրը:- Ես կարծում էի, որ պետք է հնարավորինս հեռու լինել Ռուսաստանից: Կինս չցանկացավ որեւէ տեղ մեկնել, եւ ես ստիպված էի զիջել ու վերադառնալ»:
Ոչ ոք չի ժպտում, բոլորը տխուր են
Փորձագետները նշում են, որ պատերազմի հետեւանքով ռուսների ներգաղթի այսպիսի ալիքն անսովոր էր ու հրահրված էր մարտի սկզբին հարկադիր մոբիլիզացիայի լուրերով:
HintEd ստարտափի հիմնադիր Արտեմ Թագանովը Հայաստան էր մեկնել մարտի սկզբին: Նրա գործընկերն ու ներդրողները հորդորել էին լքել Ռուսաստանը՝ վախենալով շտապ մոբիլիզացիայից, եւ նա ծրագրել էր Հայաստանում նոր ընկերություն բացել: Բայց մայրաքաղաք Երեւանում հինգ շաբաթ մնալուց հետո որոշել էր ժամանակավորապես վերադառնալ Մոսկվա՝ ընտանիքի եւ բիզնեսի համար մտահոգությունների պատճառով:
Հեշտ չէր վերադառնալը: Ծնողները, որ ապրում են մեկ այլ քաղաքում եւ պատերազմի աջակից են, ասել էին, որ նա սխալ էր արել՝ լքելով Ռուսաստանը:
«Երբ վերադառնում էի, վախենում էի, որ Z կամ V պատերազմը սատարող խորհրդանիշներով շատ մեքենաներ կլինեն ամենուրեք, բայց ես տեսել եմ միայն մեկը»,- ասում է Արտեմը:
«Մթնոլորտն այստեղ իսկապես ծանր է: Մեր բոլոր լրատվամիջոցներն ասում են, որ շատ մարդիկ աջակցում են պատերազմին, բայց դա ճիշտ չէ: Իմ շրջապատում ոչ ոք չի պաշտպանում այն: Այստեղ բոլորը վախենում են նույնիսկ այդ «հատուկ գործողության» մասին խոսելուց: Ոչ ոք չի ժպտում, բոլորը տխուր են»:
Ռուսաստանցիների կեսից ավելին ուշադիր չի հետեւում պատերազմին
Ռուսաստանի խոշորագույն ՏՏ ընկերություններից մեկի գործադիր ղեկավարն ընդգծում է. «Պատերազմը վատ բան է, եւ Պուտինը չարագործ է, բայց կյանքը շարունակվում է: Այստեղ քիչ թե շատ լավ է: Փոխարժեքը կայունանում է, նույնիսկ եթե դա թվացյալ է, որոշ մթերքներ անհետացել են վաճառասեղաններից, բայց դա սարսափելի չէ: Սակայն ես լրջորեն, մինչեւ սրտիս խորքը ընկճված եմ ինձ զգում»:
«Մարդիկ խուճապահսր մեկնեցին, իսկ հետո որոշ ժամանակ անց հասկացան. «Լավ, ինչպե՞ս ենք շարունակելու ապրել»: Նրանք դեռ ատում են իրավիճակը, դեռ համաձայն չեն եւ չեն ցանկանում վերադառնալ: Բայց չվերադառնալ էլ չեն կարող»,- ասում է նա:
Ըստ վերջերս անցկացված հարցումների՝ ռուսաստանցիների կեսից ավելին ուշադիր չի հետեւում պատերազմին:
«Ես մտածում էի, որ փողոցում սարսափելի տեսարանների եմ ականատես լինելու, որ մարդիկ լցված կլինեն ռազմատենչ ցասումով, բայց կյանքն իրականում պարզապես շարունակվում է»,- ասում է Օլգա Գլադիշեւան:
«Ամեն երեկո բոլոր բարերն ու ռեստորանները լիքն են մարդկանցով: Կարծես մարդիկ անտեսում են պատերազմը, բայց դա նույնպես սարսափելի է»,- շեշտում է Օլգան:
Էնդրյու Ռոթ եւ Պյոտր Սաուեր, «The Observer»
Պատրաստեց Կարինե Դավոյանը