Արդեն երկու ամիս է՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը չունի պետ: Տարածաշրջանային վերջին զարգացումների համատեքստում սա լուրջ շքեղություն է, որ կարող է Հայաստանն իրեն թույլ տալ:
ՀՀ իշխանություններն իրենք են պարբերաբար խոսում Ադրբեջանի կողմից սադրանքների ու հարձակման հնարավորությունների մասին: Հավանաբար հիշում եք ՀՀ Անվտանգության խորհրդի մարտի 28-ի նիստից հետո տարածած հայտարարությունը, որում նշված էր. «Իրադրության վերլուծությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանական Հանրապետությունը, փորձելով գտնել մտացածին հիմնավորումներ, հող է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ նոր սադրանքներ եւ հարձակում սկսելու համար»:
Հետո այս նույն միտքը կրկնել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Կառավարության մարտի 31-ի նիստում հայտարարելով. «Ադրբեջանը դրանով փորձում է Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետության դեմ լայնամասշտաբ հարձակման լեգիտիմություն ձեւավորել»: Վերջերս էլ ԱԺ-ում Կառավարության ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ իր ելույթում Փաշինյանը կրկին չէր բացառել ադրբեջանական նոր ագրեսիայի հավանականությունը ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի դեմ:
Եվ ահա նման իրավիճակում Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը չունի ղեկավար, եւ իշխանությունները, կարծես, չեն շտապում:
Համաձայնեք՝ անտրամաբանական իրավիճակ է. եթե, իհարկե, ՀՀ իշխանությունները չեն որոշել ամբողջությամբ ձեռք քաշել երկրի պաշտպանության եւ անվտանգության ապահովման գործից: Գուցե՞ իշխանությունները Հայաստանի անվտանգության ապահովման գործառույթն ամբողջությամբ վերապահել են երրորդ երկրի, տվյալ դեպքում՝ Ռուսաստանին, որը հսկում է արեւելյան եւ արեւմտյան սահմանները, եւ ԳՇ պետ ունենալ-չունենալն այլեւս որեւէ նշանակություն չունի մեզ համար: Այս դեպքում իշխանությունները պետք է պարզ հայտարարեն այդ մասին: Իսկ քանի դեռ նման հայտարարություն չի եղել (հուսով ենք՝ չի էլ լինի), մնում է միայն տարակուսել իշխանությունների դանդաղկոտությունից:
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնը կարեւոր է մեկ այլ առումով եւս. մեկ անգամ առիթ ունեցել ենք նշելու, որ ՀՀ գործող Սահմանադրությամբ եւ օրենքներով Հայաստանում չկա որեւէ պետական բարձրաստիճան պաշտոնյա, որի վրա Սահմանադրության տառին համապատասխան դրված է ՀՀ անկախության, անվտանգության, տարածքային ամբողջականության ապահովման, այդ ամենի երաշխավորի պատասխանատվությունը:
Միայն ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածում նշված է, թե «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անձեռնմխելիությունը»: Այսինքն՝ երկրի պաշտպանության, անվտանգության, տարածքային ամբողջականության ապահովման պարտականությունը վերապահված է ՀՀ ԶՈՒ-ին, բայց արի ու տես, որ վերջինիս կառավարման գերագույն մարմինը՝ Գլխավոր շտաբը, չունի ղեկավար:
Ի դեպ, մոտ մեկ ու կես ամիս է՝ թափուր է նաեւ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը։ Վահագն Խաչատուրյանի՝ ՀՀ նախագահ դառնալուց հետո նոր նախարար չի նշանակվել, անգամ որեւէ խոսք չկա, թե ով կարող է լինել այդ պաշտոնում։ Կարելի է ենթադրել, որ այս հարցն իշխանության ներսում չի էլ քննարկվում, կարծես այդ նախարարությունը որեւէ կարեւորություն չունի։
Համեմատության համար նշենք, որ Անդրանիկ Փիլոյանի՝ ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնից ազատվելուց 12 օր հետո նոր նախարար նշանակվեց, մինչդեռ ԲՏԱ նախարարի պաշտոնը մեկ ամսից ավելի թափուր է: Իհարկե, չի բացառվում նաեւ, որ իշխանությունները չունեն թեկնածու: Բայց որ տարբերակն էլ լինի, միեւնույնն է, արդարացում չէ եւ իշխանությունների մասին որեւէ լավ բան չի խոսում։
Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել: