Ըստ աֆղանական Aamaj News գործակալության՝ Իրանի իշխանություններն անվտանգության նկատառումներով անհապաղ կարգով Աֆղանստանի հետ սահման են տեղափոխել զրահատանկային դիվիզիա:
«Դոքարուն» (Իրան) — «Իսլամ Քալա» (Աֆղանստան) սահմանային կետերի շրջանում վերջերս տեղի ունեցած միջադեպերի պատճառով է ուղարկվել 88-րդ տանկային դիվիզիան: Այս տեղեկության պաշտոնական հավաստում կամ հերքում Թեհրանի կողմից առայժմ չի ստացվել:
Ապրիլի 23-ին հսկիչ անցակետի սահմանապահների միջեւ ընդհարում է ծագել, որից հետո իրանական կողմը ժամանակավորապես փակել է սահմանային անցումը: Իրանական Tasnim News Agency-ի տվյալներով՝ թալիբները սկսել են «Իսլամ Քալայից» ոչ հեռու ճանապարհ բացելու աշխատանքներ կատարել:
Իրանցի սահմանապահները միջամտել են եւ կանգնեցրել աշխատանքները, քանի որ չեն ունեցել սահմանային գոտում նոր ճանապարհ կառուցելու համաձայնեցման պաշտոնական հավաստումը: Ըստ իրանական ԻՐՆԱ գործակալության՝ այս պահին աշխատանքները դադարեցված են: Երկու երկրների իշխանությունների ներկայացուցիչները մտադիր են քննարկելու այդ հարցը:
«Դոքարուն» հսկիչ անցակետն առավել կարեւոր առեւտրական երթուղիներից մեկն է Իրանի եւ Աֆղանստանի միջեւ: