Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն, արձագանքելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձին, հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի հայտարարությունները Հայոց ցեղասպանության վերաբերյալ Անկարայի համար նշանակություն չունեն՝ նշելով, որ նույնիսկ արժանի չի համարում անդրադառնալ այս թեմային՝ «հիմնված ամբողջովին սուտ եւ սխալ փաստերի վրա»:
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Թուրքիան չի կարող ներել իրեն ուղղված նման մեղադրանքները:
«Նախ պարոն Բայդենը պետք է շատ լավ սովորի եւ իմանա հայերի հետ եղած պատմությունը։ Թուրք եւ հայ ժողովուրդների միջեւ թշնամանք հրահրող այս կեղծավորությունից ամենամեծ վնասը հայերն են կրում»,- շեշտել է Էրդողանը եւ հավելել, որ Թուրքիան հպարտանում է իր պատմության ամեն մի օրով, «որում ամոթալի դեպք հնարավոր չէ գտնել»:
Ավելին՝ Թուրքիայի նախագահը հայերին մեղադրել է Առաջին աշխարհամարտի տարիներին ապստամբելու եւ մահմեդական բնակչության վրա հարձակվելու համար:
«Առաջին համաշխարհային պատերազմի դժվար պայմաններում իրենց կյանքը կորցրած օսմանցի հայերի համար վշտակցություն եւ ցավակցություն հայտնելը մարդկային պարտք ենք համարում»,- հավելել է Թուրքիայի ղեկավարը:
Էրդողանն, առանց Գարո Փայլանի անունը նշելու, անդրադարձել է նաեւ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին թուրքական խորհրդարան ներկայացրած նրա օրինագծին։ Պոլսահայ պատգամավորի այդ քայլն Էրդողանը որակել է «հանդգնություն» եւ «դավաճանություն»։