Ըստ ամերիկյան Bloomberg գործակալության հաղորդագրության՝ ամերիկացի միլիարդատեր եւ նորարար Իլոն Մասկը եւ Twitter Inc-ը համաձայնեցրել են գործարքը, որով մեծահարուստը 44 միլիարդ դոլարով ձեռք է բերել ընկերությունը: Մասկը նշել է, որ գումարի մեծ մասը տրամադրել են բանկերը, օրինակ՝ ամերիկյան Morgan Stanley բանկը համաձայնել է 12,5 միլիարդ դոլարի վարկավորում՝ Tesla-ի բաժնետոմսերի գրավի դիմաց: Միաժամանակ գործարարը իր անձնական միջոցներից 21 միլիարդ դոլար է վճարել:
Tesla եւ SpaceX ընկերությունների սեփականատեր Մասկը նախորդ օրերին մի քանի անգամ պնդել է, որ միլիոնավոր օգտատերեր ունեցող Twitter-ի աշխատանքի որակը եւ արդյունավետությունը բարձրացնելու համար անհապաղ անհրաժեշտ է մասնավորեցում, որը թույլ կտա ինստիտուցիոնալ լուրջ վերակառուցում իրականացնել:
Twitter-ը վերջին ժամանակաշրջանում ճնշման տակ է հայտնվել եւ սկսել է բանակցությունները Մասկի հետ, վերջինս առաջարկել է 54 դոլար 20 սենթ մեկ բաժնետոմսի համար՝ ասելով, թե դա իր «վերջին լավագույն առաջարկն է»: Սակայն հայտնի չէ՝ արդյո՞ք դա է Twitter-ի մեկ բաժնետոմսի վերջնական գինը: Twitter-ի բաժնետոմսերի գինը 6 տոկոսով աճել է՝ ընկերության եւ Իլոն Մասքի համաձայնության եւ վերջինիս կողմից ընկերության ձեռքբերման մասին պաշտոնական հաղորդագրությունից հետո:
2006-ին Ջեք Դորսիի ստեղծած Twitter-ը այսօրվա դրությամբ ավելի քան 330 միլիոն ակտիվ օգտատեր ունի: Այս գործարքով ավարտվում է Twitter-ի՝ որպես հանրային ընկերության գործունեությունը. նրա բաժնետոմսերը կվաճառվեն միայն բորսայում:
«Ազատ խոսքը գործող ժողովրդավարության հիմքն է, իսկ Twitter-ը թվային հարթակ է, որտեղ քննարկվում են մարդկության ապագայի համար կենսական նշանակության հարցեր»,- ասված է Իլոն Մասկի հայտարարության մեջ:
Իր վերջին թվիթերյան գրառումներից մեկում Մասկը նշել է, թե հուսով է, որ իր ամենաոխերիմ քննադատներն անգամ կմնան Թվիթերում, որովհետեւ հենց դա է ազատ խոսքը: