ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը, արձագանքելով 2013-ին Գեզի զբոսայգու բողոքի ցույցերի մեղադրանքով դատապարտվածների դատավճռին, հանդես է եկել գրավոր հայտարարությամբ:
Հայտարարության մեջ նշվում է, որ Միացյալ Նահանգներին խորապես անհանգստացրել եւ հիասթափեցրել է այն փաստը, որ հայտնի հասարակական գործիչ, թուրք գործարար Օսման Կավալային դատապարտել են ցմահ ազատազրկման, իսկ մյուս 7 մեղադրյալներին՝ 18 տարվա ազատազրկման՝ վերջինիս աջակցելու համար։
Ըստ Վաշինգտոնի՝ Կավալայի անօրինական դատավճիռը հակասում է մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների եւ օրենքի գերակայության ապահովմանը: ԱՄՆ պետքարտուղարությունը Թուրքիային եւս մեկ անգամ կոչ է արել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների համաձայն ազատ արձակելու Օսման Կավալային եւ մյուս 7 բանտարկյալներին:
«Թուրքիայի ժողովուրդն արժանի է օգտվելու մարդու իր իրավունքներից եւ հիմնարար ազատություններից՝ առանց պատժվելու վախի։ Խոսքի ազատության, խաղաղ հավաքների իրականացման իրավունքն ամրագրված է Թուրքիայի սահմանադրությամբ, միջազգային իրավական եւ ԵԱՀԿ պարտավորություններով։ Կոչ ենք անում կառավարությանը դադարեցնելու քաղաքական դրդապատճառներով հետապնդումները եւ հարգելու Թուրքիայի բոլոր քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները»,- ասված է ԱՄՆ պետքարտուղարության հայտարարության մեջ: