Ամերիկյան հեղինակավոր New York Times պարբերականի ապրիլի 25-ի համարում զետեղված գովազդում Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին կոչ է արվել «արդարություն բերել Հայոց ցեղասպանության հարցում»: Շեշտվել է, որ 1915-1923 թվականներին ցեղասպանվել է 1,5 միլիոն հայ։
Պարբերականի նշյալ համարի 5-րդ էջի ստորին հատվածում պատկերված է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, նրա վերեւում՝ Օսմանյան Թուրքիայի վերջին շրջանում կրթության եւ ներքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցրած Ալի Քեմալը, որը եղել է նրա հոր պապիկը:
Նկարների կենտրոնում էլ հետեւյալ գրությունն է. «Այս մեծ մարդը քո մեծ պապիկն է: Նա երեւելի թուրք լրագրող ու քաղաքական գործիչ էր: Նրան դավաճան հռչակեցին այն բանի համար, որ ցանկանում էր պատժել Հայոց ցեղասպանության պատասխանատուներին: Վերջում էլ փողոցում սպանեցին»:
Ներքեւի աջ անկյունում էլ զետեղված է Ջոնսոնին ուղղված վերոհիշյալ կոչը՝ «Արդարություն բեր Հայոց ցեղասպանության հարցում»:
Թուրքական լրատվամիջոցները, անդրադառնալով հրապարակմանը, նշել են, որ գովազդի պատվիրատուն հայ գործարար Րաֆֆի Մանուկյանն է: