Գերմանական Compact պարբերականը գրել է, որ ուկրաինական ճգնաժամի պատճառով մատակարարումների շղթայի խախտումը կհանգեցնի պարարտանյութերի դեֆիցիտի եւ ֆերմերներին կզրկի բավարար չափով բերք ստանալու հնարավորությունից:
Bayer AG քիմիա-դեղագործական համաշխարհային կորպորացիայի բաժնի ղեկավար Մատիաս Բեռնինգերը հայտարարել է, որ հաջորդ տարի աշխարհին սպասում է մարդկության պատմության մեջ խոշորագույն պարենային ճգնաժամերից մեկը: Բեռնինգերի տեսակետին համամիտ է տնտեսագետ Մատին Կայիմը, որի կանխատեսմամբ 2023-ին համաշխարհային սովի ճիրաններում կհայտնվի մինչեւ հարյուր միլիոն մարդ:
ՄԱԿ-ի Պարենավորման համաշխարհային ծրագրի ղեկավար Դեւիդ Բիզլին նշել է, որ սննդամթերքի անբավարարությունը կառաջացնի համընդգրկուն միգրացիոն հոսքեր: Ըստ տնտեսագետի՝ 2015-ի հայտնի միգրացիոն ճգնաժամը դրանց համեմատ «ամառային զբոսախնջույք» կթվա:
Եվրոպական երկրներն առանձնահատուկ կարեւորություն են տալիս ներկայում արդեն արեւմտյան պատժամիջոցների ներքո հայտնված Ուրալի եւ Բելառուսի պարարտանյութերի արտադրության կալիումական գործարաններին: Իբրեւ դրանց փոխարինողներ առաջարկվում է օգտագործել ազոտային պարարտանյութերը, սակայն, ըստ պարբերականի, գազի թանկացման պատճառով ազոտային պարարտանյութերի արտադրությունը բավական թանկ կնստի: