Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիզին ապրիլի 26-ին Երեւանում ընդունել են ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ըստ ՀՀ ՊՆ-ի մամուլի ծառայության հաղորդման՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը քննարկել են միջազգային անվտանգությանը եւ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Պապիկյանը ներկայացրել է Արցախում 44-օրյա պատերազմի ավարտից հետո ստեղծված անվտանգային իրավիճակը եւ առկա մարտահրավերները:
Ըստ ՀՀ նախագահի աշխատակազմի՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ընդունելով Խավիեր Կոլոմինա Պիրիզին, հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի այցը Հայաստան ինչ-որ առումով իր նպաստը կբերի տարածաշրջանի հիմնախնդիրների լուծման հարցում, քանի որ Խավիեր Կոլոմինա Պիրիզին ներկայացնում է մի կազմակերպություն, որը հայտնի է իր խաղաղապահական գործունեությամբ:
Ներկայացրել է ՀՀ դիրքորոշումները, անդրադարձել պայմանավորվածություններին
Ըստ ՀՀ վարչապետի աշխատակազմի՝ ողջունելով Խավիեր Կոլոմինայի այցը, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կարեւորում է ՆԱՏՕ-ի հետ գործընկերությունը: Նա Խավիեր Կոլոմինային ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումները հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման եւ սահմանազատման, ԼՂ հակամարտության կարգավորման, հաղորդակցության ուղիների ապաշրջափակման, Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացի վերաբերյալ:
Անդրադառնալով տարածաշրջանային իրավիճակին՝ Փաշինյանը նշել է, որ այն բավական լարված է, եւ Հայաստանը քայլեր է ձեռնարկում առկա խնդիրների կարգավորման ուղղությամբ՝ անհրաժեշտ համարելով միջազգային գործընկերների աջակցությունն այդ գործընթացին:
ՀՀ-ն ՆԱՏՕ-ի վստահելի գործընկեր է համարվում
Խավիեր Կոլոմինան, որը Հայաստան էր այցելել նաեւ 2021-ի հոկտեմբերին, փոխանցելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի ողջույնները, նշել է, որ ՆԱՏՕ-ի համար եւս Հայաստանը կարեւոր գործընկեր է, եւ նշել է, որ ՆԱՏՕ-ն կարեւորում է խաղաղության եւ կայունության ապահովումը Հարավային Կովկասում եւ պատրաստ է օժանդակելու այդ գործընթացին:
Ռազմական դաշինքի ներկայացուցիչը խոսել էր նաեւ հակամարտությունները խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտության մասին: Դրան նախորդել էր Խավիեր Կոլոմինա Պիրիսի այցը Բաքու, որտեղ հայտարարել էր, որ Հյուսիսատլանտյան դաշինքը աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը։