Հայաստանի Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծերի առանձնյակները վերջին տարիներին էապես ավելացել են, երբ արգելվել է որսը: Կենդանիների պահպանման եւ առանձնյակների ավելացման համար տարբեր ծրագրեր են իրականացվել։
Այժմ ոչնչացող կենդանատեսակի առանձնյակներին կարելի է անգամ մոտիկից տեսնել՝ Վայոց ձորի Եղեգիս համայնքի Շատին բնակավայրում։
Վայրի կենդանիների տեսադիտարանը Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հետ համագործակցությամբ 2008-ին հիմնադրել են Վայոց ձորի նախկին մարզպետ Վարդգես Մաթեւոսյանն ու Շատինի բնակիչ Մելիք Մաթեւոսյանը՝ բնապահպանական նպատակներով: Վերջին տարիներին այն դարձել է մարզի այցեքարտերից մեկը՝ համատեղելով բնապահպանությունն ու գյուղական զբոսաշրջությունը: Աշխարհի ամենատարբեր ծայրերից այցելուներ են գնում Շատինի տեսադիտարան՝ բեզոարյան այծերին, արջերին տեսնելու:
Հիմնադիր Մելիք Մաթեւոսյանն «Ալիք Մեդիա»-ին պատմում է, որ այս տարիների ընթացքում տեսադիտարանն էապես նպաստել է գյուղի ճանաչմանը: Թեեւ Շատինը գեղեցիկ բնություն ունի, սակայն միայն տեսադիտարանի կառուցումից հետո են մարզ այցելող հյուրերը սկսել նաեւ այդ գյուղ գնալ:
Բեզոարյան այծերի առանձնյակների ավելացումը նպաստել է, որ դրանք տեսանելի լինեն մարզի տարբեր հատվածներում, օրինակ՝ Նորավանքի կիրճում, բայց Շատինի տեսադիտարանի տարածքում կենդանիներին հնարավոր է տեսնել ամենամոտ տարածությունից: Տեսադիտարանի սեփականատեր Տաթեւիկ Մարտիրոսյանն ասում է՝ ամենաբախտավոր այցելուներն անգամ 3 մետր հեռավորությունից են կարողացել տեսնել այծերին: «Քանի որ կենդանիները բաց բնության գրկում են, շատերը չեն նկատում։ Հեռադիտակներ ենք տրամադրում հյուրերին, հուշում դիտման նրբությունները»:
Այս սեզոնին տեսադիտարանից հնարավոր է դիտել նաեւ արջերին՝ իրենց քոթոթների հետ: Տարածքում փայտից ապահով կառույց կա, որը նախատեսված է գիշերային տեսադիտման համար: Հյուրերը հետեւում են, թե ինչպես են արջերը հարեւան այգուց թութ, ծիրան ու այլ մրգեր քաղում:
«Այս սեզոնից մինչեւ աշնան ավարտը գիշերները հնարավոր է դիտել արջերին: Բեզոարյան այծերին դիտելու համար նպատակահարմար են առավոտյան ու երեկոյան ժամերը, որովհետեւ երբ շոգում է, կենդանիները սկսում են քնել ծառերի տակ: 17:00-ից մինչեւ մութն ընկնելը հնարավոր է տեսնել այծերին»,- մանրամասնում է Տաթեւիկը:
Հիմնադրման առաջին տարիներին տեսադիտարանում հյուրերը շատ քիչ են եղել, բայց աշխատակիցները սկսել են համագործակցել զբոսաշրջային տարբեր կազմակերպությունների հետ: Տարեցտարի այցելուներն ավելացել են:
«Օտարերկրացի զբոսաշրջիկներ կան, որոնք երեք անգամ են Հայաստանում եղել, երեք անգամն էլ անպայման այցելել են տեսադիտարան»,- ասում է Տաթեւիկը։
Տեսադիտարանի գոյությունը գյուղի համար նաեւ տնտեսական դրական ազդեցություն է ունենում: Ճաչանելիության ու զբոսաշրջիկների այցերին զուգահեռ Շատինում նաեւ հյուրատներ են կառուցվել: Մարդիկ հյուրեր են ընդունում իրենց տներում, կարողանում են գյուղմթերքը վաճառել:
Եղեգիսի համայնքապետարանի աշխատակցուհի Աստղիկ Մարկոսյանն ասում է՝ համայնքապետարանն էլ իր հերթին է տարբեր ծրագրեր իրականացնում գյուղական զբոսաշրջության զարգացման ու համայնքի ճանաչելիության բարձրացման ուղղությամբ: Համագործակցում են Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հետ, այցելություններ կազմակերպում դեպի բնակավայրեր:
Շատինը Եղեգիս համայնքի 12 բնակավայրերից առաջինն է աշխարհագրական դիրքով: Համայնքապետարանի երկու աշխատակիցներով ծրագրի են մասնակցել, որի արդյունքում համայնքի մուտքի մոտ բնակավայրերի, տարածքի տեսարժան վայրերի մասին պատմող վահանակներ են տեղադրվել մի քանի ամիս առաջ: Այժմ գյուղի կողքով անցնելիս հնարավոր է QR կոդերի միջոցով երեք լեզվով տեղեկություններ ստանալ համայնքի մասին:
Աստղիկ Մարկոսյանն ընդգծում է, որ տեսադիտարանը հնարավորություն է տալիս ավելի մոտ լինելու էկոտուրիզմին: Ժամանակի ընթացքում մարդ-բնություն կոնֆլիկտն է վերացել: «Նախկինում՝ մինչեւ տեսադիտարանի կառուցումը, կենդանիների հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունք կար, բայց հիմա էական փոփոխություն կա։ Արջերն անգամ գյուղում են պտտվում, երեկոյան ժամերին հաճախ վտանգավոր է գյուղի փողոցներում քայլելը, բայց դա չի խանգարում, որ բնակիչները սեր, հոգածություն ցուցաբերեն կենդանիների հանդեպ»:
Այժմ տեսադիտարանի տարածքում կենդանիներին դիտելուց բացի կարելի է նաեւ տարբեր մշակութային միջոցառումների մասնակցել: Պարբերաբար հյուրերի համար կազմակերպվում են ազգային երգ ու պարի ներկայացումներ, տեղական ուտեստների համտես, ծանոթացում:
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: