ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Սենատի արտաքին հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարել է, որ Վաշինգտոնը Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի հակամարտության երկարաժամկետ հիմունքներով կարգավորման կողմնակից է: Այդ նպատակով, ըստ Բլինքենի, Միացյալ Նահանգները մշակում եւ առաջ է տանում հիմնախնդրի կարգավորման համար անհրաժեշտ փոխադարձ վստահության միջոցներ:
Բլինքենը նշել է, որ բավական ակտիվ եւ անմիջական փոխգործակցություն է հաստատել թե՛ Հայաստանի եւ թե՛ Ադրբեջանի ղեկավարության հետ:
«Մասնավորապես, մեկ շաբաթ առաջ հեռախոսով զրուցել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նախագահ Իլհամ Ալիեւի, ինչպես նաեւ երկու երկրների արտգործնախարարների հետ եւ փորձում եմ օգնել Ղարաբաղի հարցի երկարատեւ քաղաքական կարգավորմանը ու խթանել այն»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը:
Անդրադառնալով փոխադարձ վստահության խնդրին՝ ԱՄՆ պետդեպարտամենտի ղեկավարը նշել է գործընթացը խոչընդոտող վտանգների մասին: Էնթոնի Բլինքենը սենատորներին հայտնել է, որ Միացյալ Նահանգները կտրականապես դեմ է իրավիճակն ապակայունացնող միակողմանի բոլոր գործողություններին, մանավանդ երբ այդ միակողմանի բոլոր գործողությունները ձեռնարկում է Ադրբեջանը:
ԱՄՆ Սենատի արտաքին հարցերի հանձնաժողովի նիստի օրակարգում 2023 թվականի պետական բյուջեի նախագծով արտաքին գերատեսչությանը հատկացվելիք գումարի հաստատումն է: