Հնդկաստանում աշխատանքային այցով գտնվող Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Նյու Դելիում «Ռայսինայի երկխոսություն» համաժողովի շրջանակներում մասնակցել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հանդիպմանը։
Քննարկվել են ժամանակակից աշխարհի տարբեր մարտահրավերների հաղթահարման ուղիները եւ, այդ առումով, համագործակցության հնարավորությունները։ Արարատ Միրզոյանը Նարենդրա Մոդիի հետ զրուցել է նաեւ հայ-հնդկական հարաբերությունների մասին։
Միրզոյանը հանդիպել է նաեւ Հնդկաստանի արտգործնախար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ, անդրադարձել տրանսպորտային հաղորդակցությունների ոլորտում համագործակցության խորացման հեռանկարներին: Քննարկվել են նաեւ տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը եւ կայունությանը վերաբերող հարցեր:
Հայ-հնդկական հարաբերությունները նկատելիորեն ակտիվացան հատկապես 44-օրյա պատերազմից հետո, երբ Հնդկաստանի հետ հակամարտության մեջ գտնվող Պակիստանը Ադրբեջանին դիվանագիտական եւ ռազմական աջակցություն ցուցաբերեց։
2021-ի հոկտեմբերին Հայաստան ժամանած Հնդկաստանի արտգործնախարարն ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանն ու Հնդկաստանը քայլեր են ձեռնարկելու պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու համար։