Գյումրու տարբեր հատվածներում արդեն մեկ ամիս է, ինչ «Ես համաձայն չեմ» գրառմամբ պաստառներ են հայտնվել: Ովքեր են հեղինակները եւ ինչին համաձայն չեն. «Ալիք Մեդիան» զրուցել է շարժման համահեղինակների հետ:
Անհամաձայնների շարժման համահիմնադիր Կարապետ Պողոսյանն ասում է՝ գործել է պետք: «Հայաստանում հասարակությունը պառակտված է, անհամաձայնություն ու տարաձայնություն կա, բայց չկա գործողություն, մենք որոշեցինք, որ պետք է հավաքվենք այն մարդկանցով, ովքեր այս իրավիճակի հետ համաձայն չեն»:
Հարցին, թե մասնավորապես ինչին համաձայն չեն, Պողոսյանն ասում է. «Մեկը համաձայն չէ Արցախի կորստի հետ, մեկը՝ հայ-թուրքական հարաբերությունների, մյուսը՝ առողջապահության, մեկն էլ՝ կրթական համակարգի… եւ այսպես շարունակ»: Շարժման հիմնադիրների բնորոշմամբ Հայաստանի Հանրապետությունում չկա մի ոլորտ, որն ունի հեռանկար:
«Ի՞նչ հեռանկար ունի նոր շարժումը եւ արդյոք հերթական, մարող նախաձեռնություն չէ» հարցին Պողոսյանը պատասխանում է. «Մենք ուզում ենք ճիշտ երկխոսություն ձեւավորել»: Մասնակիցները հասարակության երկու կողմերի երկխոսության եւ միավորման մեջ են խնդիրների լուծումը տեսնում: «Մեկս մյուսին լսելու եւ հասկանալու ընդունակությունը կորցրել ենք»,- ցավով փաստում են շարժման գաղափարակիրները:
«Արդյո՞ք շարժումը քաղաքական շահ է հետապնդում», «ի՞նչ պաշտոնների են ձգտում շարժման հեղինակները» հարցադրումներին պատասխանում են, որ քաղաքականության խնդիր չկա, շարժումը քաղաքացիական է, վերջնակետն էլ լինելու է հասարակության հաշտեցումը: «Մենք չենք գնում պաշտոն վերցնելու, մենք գնում ենք, որ մեր ինքնությունը փրկենք: Դա պայմանավորված է մեկ մարդու հեռանալով: Մենք պետք է ազատվենք Նիկոլից եւ բուժվենք նիկոլիզմից»,- ասում են մեր զրուցակիցները:
Այնուամենայնիվ, «որ քաղաքական ուժին են հարում նոր շարժման մասնակիցները կամ ում են տեսնում Հայաստանի ղեկին» հարցին պատասխանում են, որ այդ մասին մտածելու ժամանակ չունեն: Կարծում են, որ ով էլ լինի, ավելի վատ չի լինի: «Ով պատրաստ է կռվելու հանուն հայրենիքի, մենք պատրաստ ենք այդ մարդու հետեւից գնալու, ամբիցիաներ չունենք»:
Համլետ Սարուխանյանը «Ես համաձայն չեմ» շարժման համակարգող խորհրդի անդամ է: Ասում է՝ երկիրը կործանման է գնում, ինքն էլ անտարբեր մնալու նպատակ չունի: «Հին ու նոր ծանոթներս համախմբվել են, ասում են՝ կայծ է պետք, որ միանանք: «Հպարտներ» խոսքի հետեւից գնացինք, սեւերի եւ սպիտակների բաժանվեցինք, հերիք է, անջրպետը պետք է վերացնենք, մենք մեկ ազգ ենք»:
Մանկավարժ Գայանե Աբրահամյանը եւս համաձայն չէ, ասում է՝ ընտանիքի գաղափարի աղճատման, դպրոցներում հակահայ դաստիարակության, հերոսների արժեհամակարգի խեղաթյուրման հետ հաշտվել չի ուզում: «Ես կուսակցական չեմ, սիրում եմ մեր հայրենիքը, ուզում եմ՝ այսօրվա սերնդի մեջ թույլի հոգեբանությունը չհաստատվի»:
Հոմս Սահակյանը ո՛չ քաղաքականությամբ է հետաքրքրվում, ո՛չ էլ իշխանության է ձգտում: Ասում է՝ գործարար է: Ամենաշատը համաձայն չէ խաբված լինելու հետ: «Ասացին՝ մենաշնորհներ չեն լինելու, օրենքը հավասար է լինելու բոլորի համար, բայց ամեն ինչ մնաց նույնը, փոխվեցին միայն անունները»:
Ի դեպ, երեկ երեկոյան բերման էր ենթարկվել շարժման ակտիվ մասնակից, ճանաչված քանդակագործ Արթուր Գեւորգյանը: Ավելի ուշ նա հայտարարեց, որ ազատ է արձակվել: «Ամեն բան շարունակվում է։ Երեկվա վրաերթն ու իշխանության փնթի արդարացումը շատ, շատ վատ էր։ Էսօր փողոցում մարդ կավելանա։ Մենք շարունակում ենք իրազեկումը։ Միակ խնդիրն իշխանության հեռացումն է»,- ասում է Գեւորգյանը:
Շարժման մասնակիցներն այժմ քաղաքում իրականացնում են ամենօրյա տարաբնույթ ակցիաներ: STOP տարբերանշանով կարմիր ժապավենը քաղաքի տարբեր հատվածներում համախմբում է անհամաձայններին: Առաջիկա քայլերից չեն խոսում՝ պատճառաբանելով, որ ենթարկվում են քաղաքական ճնշումների: «Եթե իմանան մեր ստույգ գործողությունների հերթականությունը, իրավապահ համակարգը լուրջ խոչընդոտներ կստեղծի»,- ասում են մասնակիցները:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։