Գերմանիայի դաշնային կառավարության անդամները քննադատել են թուրքական գործարար, հասարակական գործիչ Օսման Կավալային ցմահ ազատազրկման դատապարտելու վերաբերյալ դատարանի վճիռը։
Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը հայտարարել է, որ թուրքական դատարանի վճիռն էապես հակասում է իրավական պետության չափանիշներին եւ միջազգային պարտավորություններին, որոնք Թուրքիան ընդունում է որպես Եվրոպայի խորհրդի անդամ եւ Եվրամիության անդամ դառնալու թեկնածու երկիր։ Ըստ Գերմանիայի արտգործնախարարի՝ Բեռլինում ակնկալում են, որ Կավալան անհապաղ ազատ կարձակվի։
Գերմանիայի մշակույթի նախարար Կլաուդիա Ռոթը եւս թուրքական դատարանի որոշումը բնութագրել է որպես «անհեթեթ» եւ «բոլոր առումներով անհիմն»: Նա շեշտել է, որ դա ակնհայտորեն քաղաքական որոշում է։
Ըստ Ռոթի՝ այդ վճիռն անձնական վրեժխնդրություն է Օսման Կավալայի դեմ եւ ըստ էության պատերազմի հայտարարություն է Թուրքիայում ժողովորդավարության մշակույթի նկատմամբ։ Գերմանիայի մշակույթի նախարարն իր թվիթերյան գրառման մեջ նշել է, որ Կավալան անմեղ է, եւ անհրաժեշտ է նրան անհապաղ ազատ արձակել։