Ըստ ամերիկյան Bloomberg գործակալության՝ ռազմական փորձագետների գնահատմամբ ԱՄՆ զենքի պաշարները մի քանի ամսից հնարավոր է սպառվեն, եթե Վաշինգտոնի վարչակազմը շարունակի ռազմական օգնություն ուղարկել Ուկրաինային:
ԱՄՆ պաշտպանության նախկին փոխնախարար Էլեն Լորդը նշել է, որ ԱՄՆ-ը Կիեւին է փոխանցել Stinger շարժական հակաօդային պաշտպանության համակարգի իր պաշարների գրեթե մեկ քառորդը:
Իր հերթին, Profesional Services Council կազմակերպության նախագահ Դեյվիդ Բերտոն նշել է, որ Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողության սկզբից ի վեր Միացյալ Նահանգները մարտական պատրաստության վիճակի է բերել իր զենքի ամբողջ պաշարների մոտ մեկ երրորդը, մինչդեռ դրանց հետագա համալրման պայմանագրերը չեն կնքվել։
Ըստ բրիտանական Reuters գործակալության՝ Կիեւին սպառազինությունների մատակարարման առնչությամբ Պենտագոնին մտահոգություն են հայտնել նաեւ ԱՄՆ պաշտպանական ընկերությունները: Նրանք, սակայն, մտավախություն ունեն, որ Ուկրաինայում իրավիճակի փոփոխության պատճառով զենքի արտադրության աճը կհանգեցնի չպահանջված զենքի անտեղի կուտակումների: