Հղի կնոջ սպանությունը սպանություն չհամարելու տարբերակները շատ են։ Առաջինը «պրոտոկոլն» է։ Երկրորդը փողոցի անցումի համար չնախատեսված մասով քայլելը։ Կարելի է ուղղակի գլխից հիվանդ լինել ու այդ կնոջը մեղադրել նաեւ, թե իրեն ու իր երեխային զոհաբերել է Փաշինյանին սեւերես անելու համար։
Բայց այստեղ սարսափելին այլ բան է։ Հղի կնոջը սպանել է պետությունը։ Նա քայլել է մի տարածքով, որով «գնում» է պետությունը։ Իսկ երբ պետությունը քայլում է մի տարածքով, ուրիշ ոչ մեկն այդտեղ գտնվելու իրավունք չունի։ Պետությունն այս դեպքում թագավորն է։ Կինն անմիջապես ուտիլիզացվել է որպես հանրային նշանակությանը խանգարող շենք։
Կարելի՞ է այս սպանության համար մեղադրել Փաշինյանին։ Կարելի է, եթե զոհը մարդ է։ Բայց պետության, թագավորի տեսանկյունից զոհը մարդ չէ։ Փաշինյանը կարող է ձերբակալել իր անվտանգության աշխատողին, կարող է դատել, բայց հոգու խորքում նա էլ, ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն էլ գիտեն, որ «պրոտոկոլային» խախտում տեղի չի ունեցել։
Հրամանատարը վերացրել է արգելքը, դուք կարող եք անունը դնել հղի կին, ճամփի քար, թափառական շուն, ահաբեկիչ, թուրք (ես ներողություն եմ խնդրում համեմատությունների համար), բայց տեղի ունեցածը սպանություն չէ, քանի որ պետությունն ունի սպանելու օրինական իրավունք։
Բայց հարց է ծագում՝ ինչո՞վ էր այդ կինը վտանգում պետությունը։ Այստեղ նույնպես խնդիր կա։ Մեկնաբանության վերջին իրավունքը նույնպես պետությանն է, դուք կարող եք ասել, որ մահացածը կին չէր, հրեշտակ էր, կարող եք ասել, որ նույնիսկ սխալմամբ է հայտնվել փողոցի այդ մասում, կարող եք անգամ ապացույցներ բերել, որ կինը` Սոնա Մնացականյանը, կույր էր ու չէր տեսնում, թե որտեղ է հայտնվել, բայց վերջնական մեկնաբանությունը պետությանն է։
Պետությունը կարող է հայտարարել, որ այդ կնոջ մեջ սպառնալիք է տեսել, որ նույնիսկ եթե Փաշինյանի մորաքույրը լիներ կամ որդին, պետք է տակովն անեին, նույնիսկ եթե այդ ուղեկցող վաշտի հրամանատարի մայրը լիներ։ Պետության մեկնաբանությունը մնում է վերջնական եւ անբեկանելի։
Ո՞վ է կասկածում, որ այս պատմությունը մոռացվելու է, որ այդ հրամանատարը առանձնապես երկար չի նստի կամ չի նստի ընդհանրապես։ Բայց Փաշինյանը հարցնելու է, չէ՞, իսկ ի՞նչ եք առաջարկում անել՝ կանգնեցնել շարասյունը, որ մի հղի կին քայլի՞։ Գուցե ինչ-որ մեկը հենց նրան ուղարկել է շարասյունը կանգնեցնելու եւ Փաշինյանի մեքենան գնդակոծելո՞ւ։
Հասկանո՞ւմ եք, մարդկային սրտացավության ձեր բոլոր փաստարկների դեմ կա պետության երկաթյա տրամաբանությունը՝ պետք է եղել, արել եմ, խնդիր կա՞։
Գուցե Փաշինյանն անձնական մեծ ողբերգություն է ապրում տեղի ունեցածից, բայց էդ մարդը 44-օրյա պատերազմին 3825 մարդ է զոհաբերել, մի հղի կինն ո՞վ է, որ չզոհաբերվի արարողակարգի սահմանադրությանը։ Ու ձեզ թող չթվա, թե այդպիսի սպանություններ այլեւս չեն լինի։ Արարողակարգը մնում է արարողակարգ, ու նրա ճանապարհին հայտնված ցանկացած մեկը, որ հանրային նշանակության տարածքում ցցված անպիտան շենք է, պետք է ապամոնտաժվի։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: