Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերն իր թվիթերյան գրառման մեջ հերքել է լրատվամիջոցներում շրջանառվող լուրը, ըստ որի՝ պաշտոնական Վիեննան համաձայնել է գազի դիմաց ռուսական «Գազպրոմին» վճարել ռուբլով: Կանցլերը դա անվանել է ռուսական քարոզչության հնարանք:
Նեհամերը հավելել է, որ ավստրիական OMV (Österreichische Mineralölverwaltung AG) ընկերությունն, անշուշտ, շարունակելու է Ռուսաստանից մտնող գազի դիմաց վճարել եվրոյով: Կանցլերի գրասենյակից հայտնել են, որ Ավստրիան շարունակում է ռուսական «Գազպրոմին» գազի դիմաց վճարել եվրոյով, որը ՌԴ-ում փոխվում է ռուբլու:
«Ավստրիան խստորեն պահպանում է ԵՄ պատժամիջոցների համատեղ համաձայնագիրը»,- շեշտել է Կառլ Նեհամերը:
Ավստրիական OMV նավթագազային ընկերությունն, այդուհանդերձ, ընդունել է գազի դիմաց վճարման ռուսական պայմանները, որոնք, ըստ Ավստրիայի կանցլերի, որակվել են իբրեւ պատժամիջոցները չխախտող պայմաններ: Միեւնույն ժամանակ կանցլերը նշել է, որ ներկա պահին անհնար է գնահատել՝ ինչպես կզարգանան իրադարձությունները լարվածության էլ ավելի սրացման դեպքում:
Ապրիլի 27-ին ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին՝ իբր որոշումն ընդունվել է Nord Stream 2 նախագծում ներգրավված Կենտրոնական Եվրոպայում խոշորագույն նավթային OMV ընկերության հետ համաձայնությամբ։
Ավելի վաղ «Գազպրոմը» դադարեցրել է Լեհաստանի եւ Բուլղարիայի գազամատակարարումը, քանի որ այդ երկրները հրաժարվել են գազի դիմաց ռուբլով վճարելուց: