Թուրքիայի պետական հեռուստաընկերությունը՝ «TRT Haber»-ը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ելույթում «ցեղասպանություն» եզրույթի օգտագործման առնչությամբ հարցում է ուղարկել ԱՄՆ Պետդեպարտամենտ։
«TRT Haber»-ը ԱՄՆ Պետդեպարտամենտին հարցրել է՝ ինչ հիմնավորմամբ է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարում, որ Ուկրաինայում տեղի ունեցող ջարդերը որպես «ցեղասպանություն» սահմանելու հարցը թողնելու են փաստաբանների միջազգային հետաքննությանը, երբ ապրիլքսանչորսյան իր ուղերձում ԱՄՆ նախագահը 1915 թվականի դեպքերը բնորոշում է որպես «ցեղասպանություն»»։
Ըստ թուրքական պետական լրատվամիջոցի՝ Վաշինգտոնն իբրեւ հիմնավորում ներկայացրել է Օսմանյան կայսրությունում ԱՄՆ Պետդեպարտամենտի աշխատակիցների զեկույցները։
«Նախագահ Բայդենի «ցեղասպանություն» սահմանման օգտագործումը հիմնված է պատմական արձանագրումների վրա, որոնք պատրաստվել են ըստ այն տարիներին Օսմանյան կայսրությունում ծառայող ԱՄՆ Պետդեպարտամենտի աշխատակիցների զեկույցների: Այդ արձանագրումները համապատասխանում են նաեւ ժամանակակից հետազոտություններին»,- նշվել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության պատասխանում։
ԱՄՆ Պետդեպարտամենտի պատասխանում միաժամանակ ընդգծվել է, որ 1915 թվականից սկսած՝ Օսմանյան կայսրությունում հայերի դեմ գործողությունները տեղավորվում են 1948 թվականի «Ցեղասպանության հանցագործության կանխման եւ դրա համար պատժի մասին» կոնվենցիայում առկա «ցեղասպանության» սահմանման մեջ։
ԱՄՆ Պետդեպարտամենտի պատասխանում շեշտվել է, սակայն, որ 1951 թվականին ուժի մեջ մտած այդ կոնվենցիայով սահմանվող պարտավորությունները հետադարձ ուժով չեն կարող կիրառվել, քանի որ «ցեղասպանություն» եզրույթը չի եղել Օսմանյան կայսրությունում ծավալված դեպքերի ժամանակ։