Ռուսաստանի Դաշնությունը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները բանտարկյալների փոխանակում են կատարել: ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ասել է, որ փոխանակումը տեղի է ունեցել երկարատեւ բանակցությունների արդյունքում:
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հաստատել է, որ Թրեւոր Ռիդը տուն է վերադառնում:
Սպիտակ տան ներկայացուցիչն իր հերթին հայտարարել է, որ ՌԴ-ում պատիժը կրող ամերիկացի ուսանող Թրեւոր Ռիդի փոխանակումը ռուս օդաչու Կոնստանտին Յարոշենկոյի հետ որեւէ կերպ չի ազդի Վաշինգտոնի եւ Մոսկվայի հարաբերությունների վրա եւ չի բարելավի Ուկրաինայում իրականացվող Ռուսաստանի հատուկ գործողության նկատմամբ ԱՄՆ-ի վերաբերմունքը:
Ովքե՞ր են փոխանակվողները
Տեխասցի ուսանող Թրեւոր Ռիդը 2020-ին Մոսկվայում դատապարտվել է ինը տարվա ազատազրկման։ 2019-ի օգոստոսին նա հարձակվել էր ոստիկանների վրա, որոնց կանչել էին շենքի բնակիչները՝ հարբած Ռիդին կարգի հրավիրելու համար։ Ըստ ոստիկանական արձանագրության՝ ճանապարհին ամերիկացի ուսանողը ոստիկանության մեքենայում հարձակվել էր նաեւ իրավապահների վրա:
Թմրանյութերի մաքսանենգության մեջ մեղադրվող եւ 2011-ին ԱՄՆ-ում 20 տարվա ազատազրկման դատապարտված Կոնստանտին Յարոշենկոն ԱՄՆ է բերվել Լիբերիայից, որտեղ ձերբակալվել է 2010-ի մայիսի 28-ին։
Բուն փոխանակումը տեղի է ունեցել Թուրքիայում՝ օդանավակայանի տարածքում, որտեղ վայրէջք են կատարել եւ կողք կողքի կայանվել են երկու երկրների ինքնաթիռները:
Երկու երկրներում էլ նշում են, որ բանտարկյալների փոխանակումը դժվար թե առանձնահատուկ դրական ազդեցություն գործի ճգնաժամի մեջ գտնվող ռուս-ամերիկյան հարաբերությունների վրա: