ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ աշխատանքի վայրում 7 օրը մեկ ՊՇՌ հետազոտության թեստ կամ կորոնավիրուսի դեմ պատվաստման հավաստագիր ներկայացնելու պահանջը պաշտոնապես հանվել է:
Նախարարը հավելել է, որ մայիսի 1-ից հանվելու է նաեւ պետական սահմանի ցամաքային եւ օդանավակայաններում տեղադրված անցման կետերում մուտք գործելիս ՊՇՌ արագ ախտորոշման թեստի եւ պատվաստման հավաստագիր ներկայացնելու պահանջը:
«Հանվել է քրեակատարողական հիմնարկներում եւ զինված ուժերում սահմանափակումները արձակուրդ մեկնելիս կամ տեսակցությունների ժամանակ: Տվյալ դեպքերում նույնպես այլեւս թեստ հանձնելու կամ պատվաստման հավաստագիր ներկայացնելու պահանջ չի գործի»,- ասել է նախարար Ավանեսյանը: Նա հավելել է, որ վերացվել է նաեւ դպրոցներում, մանկապարտեզներում եւ այլ վայրերում միջոցառումների ժամանակ 1,5 մետր հեռավորություն պահպանելու արգելքը:
Ըստ նախարարի՝ սահմանափակումների մեղմացումն առնչվում է վերջին 14-օրվա ընթացքում արձանագրված վարակման դեպքերի նվազման հետ:
Բուժաշխատողներին շնորհակալություն հայտնելով իրենց կատարած աշխատանքի համար՝ նախարարը հիշեցրել է, որ վերջին 14 օրվա ընթացքում գրանցվել է վարակման 144 դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ 32 տոկոսով նվազել է: Նա նշել է նաեւ, որ վերջին ամսվա ընթացքում մահվան դեպքերը եւս նվազել են: