Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եվրամիության էներգետիկ ընկերությունները, որոնք կհամաձայնեն գազի մատակարարումների համար ռուսական ռուբլով վճարել Մոսկվայի պահանջին, կխախտեն Ուկրաինա ռուսական ներխուժման պատճառով սահմանված պատժամիջոցները։
Ֆոն դեր Լայենը շեշտել է, որ ռուբլով վճարումը, եթե նախատեսված չէ պայմանագրով, ԵՄ պատժամիջոցների խախտում է: Նա ընդգծել է, որ ԵՄ պայմանագրերի մոտ 97 տոկոսն ուղղակիորեն նախատեսում է եվրոյով կամ դոլարով վճարում։ «Ռուսական կողմի՝ ռուբլով վճարելու պահանջը միակողմանի որոշում է, որը չի համապատասխանում պայմանագրերին»,- ասել է Եվրահանձնաժողովի նախագահը։
Լեհաստանն ու Բուլղարիան ավելի վաղ հայտնել են, որ Մոսկվան դադարեցրել է բնական գազի մատակարարումը, քանի որ նրանք հրաժարվել են ռուբլով վճարելուց: