Թուրք աջ ծայրահեղական գործիչ, «Գորշ գայլերի» ահաբեկչական խմբավորման քաղաքական թեւը համարվող «Ազգայնական շարժման կուսակցության» (MHP) առաջնորդ Դեւլեթ Բահչելին կրկին անդրադարձել է մեջլիսի ընդդիմադիր պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանի` Թուրքիայի խորհրդարան ներկայացրած Հայոց ցեղասպանության ճանաչման առաջարկին: Բահչելին սպառնացել է, որ մեջլիսը Փայլանին կզրկի պատգամավորական մանդատից:
«Դավաճանությունը դավաճանություն է, դրա թարսն ու շիտակը չկա: Կամ ինքը [Փայլանը] պետք է ասի՝ ԹԱՄԺ-ն իմ մեջլիսը չէ, կամ էլ մեջլիսը անհրաժեշտ քայլը կանի եւ սրան դուրս կնետի: Որտեղ ցանկանա գնալ, թող կապ հաստատի այնտեղի հայկական սփյուռքի հետ: Իրեն խորհուրդ կտամ Ամերիկա գնալ»,- սպառնացել է Բահչելին:
Թուրքիայի խորհրդարանի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին ընդառաջ՝ ապրիլի 23-ին, մեջլիսի քննարկմանն էր ներկայացրել օրինագիծ, որով առաջարկել էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սահմանել պատասխանատուներին։
Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը ապրիլի 25-ին Փայլանի՝ մեջլիսին ներկայացրած օրինագիծը հետ էր ուղարկել՝ որոշումը հիմնավորվելով նրանով, որ առաջարկը հակասում է Թուրքիայի խորհրդարանի ներքին կանոնադրության դրույթներին։
Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) հայտարարել է պոլսահայ պատգամավոր Գարո Փայլանի օրինագիծը թուրքական մեջլիս ներկայացնելու համար իրավական գործընթաց սկսելու մասին:
«Ազգայնական քաղաքական գործիչների բղավոցները լսելով՝ միանգամից կարող են հետքայլ անել». Փայլան
«Ալիք Մեդիա»-ի տարածաշրջանային մեկնաբան Լիլիթ Գրիգորյանը Ստամբուլում «Վաղը» հաղորդաշարի շրջանակում Կարո Փայլանից ավելի վաղ հարցազրույց է վերցրել, որում բազմակողմանի քննարկվել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման նոր գործընթացի հեռանկարները։
«Եթե կարգավորման գործընթացը թողնենք միայն պետություններին, չեմ կարծում, թե այն կհաջողի, որովհետեւ պետությունները մշտապես իրենց շահերին են նայում. ազգայնական քաղաքական գործիչների բղավոցները լսելով՝ միանգամից կարող են հետքայլ անել։ Մինչդեռ մենք՝ որպես քաղաքացիական հասարակություններ, պետք է կարողանանք մտնել այս գործընթացի մեջ։
Ես զգուշավոր լավատեսություն ունեմ, մտահոգվում եմ, որ այս գործընթացն ամեն պահի կարող է ձախողվել կամ ինչ-որ խնդրի բախվել, բայց մի բան չպետք է մոռանանք, պատերազմում հաղթող չի լինում, իսկ խաղաղության մեջ պարտվող չի լինում»,- «Ալիք Մեդիա»-ի հարթակում ապրիլի 23-ին հեռարձակված հարցազրույցում մասնավորապես նշել է Կարո Փայլանը։
Հնարավորության այս պատուհանը պետք է գնահատեն թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը
Պոլսահայ ընդդիմադիր պատգամավորը համոզմունք է հայտնել, որ կարգավորման ամեն հաջորդ քայլ կնշանակի հնարավոր հակամարտության, պատերազմի հավանականության նվազեցում։
«Հնարավորության այս պատուհանը բոլորը պետք է գնահատեն՝ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը»,- ընդգծել է Կարո Փայլանը: