Իսրայելում ապրիլի 28-ին՝ տեղական ժամանակով 10:00-ին, երկու րոպե շարունակ հնչել են շչակները, կանգ է առել տրանսպորտը ամբողջ երկրում, հայտարարվել է լռության րոպե ի նշան հրեաների ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման:
Ապրիլի 28-ին Հոլոքոստի զոհերի հիշատակի օրվան նվիրված միջոցառում է տեղի ունեցել նաեւ Երեւանում՝ Տերյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկին հարակից այգում տեղադրված հուշարձանի մոտ: Արարողությունը կազմակերպել էին Հայաստանում ապրող հրեաները՝ համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյան-Ֆելլերի գլխավորությամբ: Վերջինս դիմել է Աստծուն՝ խնդրելով, որ այլեւս նման ոճրագործություններ որեւէ ժողովրդի հետ չլինեն, թեեւ միաժամանակ ենթադրում է, որ Աստված հավանաբար «երբեմն հանգստանում է», երբ կրկին վատ բաներ են լինում:
Ըստ «Արմենպրես»-ի, խոսելով Հոլոքոստի միլիոնավոր զոհերի հիշատակը Հայաստանում ոգեկոչելու արդիականության եւ կարեւորության մասին, Ռիմա Վարժապետյան-Ֆելլերը հայտարարել է, որ իր ուղերձն առաջին հերթին հասցեագրված է Իսրայելին: Այն է՝ չի կարելի լռել ոչ միայն հրեական Հոլոքոստի, այլեւ Հայոց ցեղասպանության մասին: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ իսրայելական խորհրդարանը մինչ օրս խուսափում է Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելուց Իսրայելի անվտանգության պատճառով, քանի որ ապրում է թշնամական միջավայրում եւ այդ պայմաններում կարեւորում է Թուրքիայի հետ իր հարաբերությունները:
Հոլոքոստի զոհերի ոգեկոչման արարողությանը մասնակցել է նաեւ ՀՀ վարչապետի աշխատակազմի ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի բաժնի պետ Վարդան Ասցատրյանը, որը վարչապետի եւ իր ղեկավարած բաժնի անունից Հայաստանի աջակցությունը եւ ցավակցությունն է հայտնել հրեական համայնքին Հոլոքոստի տարելիցի կապակցությամբ:
Հրեաների ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը եբրայերենով աղոթք է կարդացել հրեական համայնքի հոգեւոր առաջնորդը՝ րաբբին: Իրենց մայրենի լեզվով Հոլոքոստի թեմային նվիրված բանաստեղծություններ են կարդացել նաեւ հրեական համայնքի այլ ներկայացուցիչներ:
Հոլոքոստը չէր լինի, եթե աշխարհը թույլ չտար Մեծ եղեռնը
Հոլոքոստը Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենաթեժ փուլում՝ 1941-1945 թվականներին նացիստական Գերմանիայի իշխանությունների եւ նրա դաշնակիցների կազմակերպած Եվրոպայում ապրող մոտ 6 միլիոն հրեաների ցեղասպանությունն է՝ զանգվածային եւ սիստեմատիկ բնաջնջումը էթնիկ պատկանելիության հիմքի վրա:
Հրեաների հետապնդումները Գերմանիայում սկսվել էին դեռեւս 1933 թվականին Ադոլֆ Հիտլերի գլխավորած նացիոնալ-սոցիալիստական գերմանական աշխատավորական կուսակցության իշխանության գալուց հետո:
Համաշխարհային պատերազմից անմիջապես հետո հաղթող տերությունները նախաձեռնել են Նյուրնբերգյան դատավարությունը, որը հրեաների ցեղասպանությունը սահմանել է որպես մարդկության դեմ հանցագործություն՝ միջազգային իրավական պրակտիկայում ստեղծելով կարեւորագույն նախադեպ, որը հիմք է տալիս առաջադեմ մարդկությանը պայքարելու նոր ցեղասպանությունների կանխարգելման համար:
«Հոլոքոստ» բառը հունարենից փոխառված եզրույթ է, որը թարգմանաբար նշանակում է «ողջակիզում»: Ի դեպ, ըստ որոշ աղբյուրների, առաջին անգամ «Հոլոքոստ» բառը գործածվել է ամերիկյան «Նյու Յորք Թայմս» պարբերականում դեռեւս 1895-ին՝ օսմանյան բռնապետության իշխանությունների կազմակերպած հայերի զանգվածային կոտորածները բնութագրելու համար: Կա նաեւ մեկ այլ հիշարժան փաստ, որն իրար է կապում հայերի եւ հրեաների ցեղասպանությունները: Հայտնի է, որ հրեա իրավաբան Ռաֆայել Լեմկինը «ցեղասպանություն» կամ «գենոցիդ» եզրույթը ստեղծել է՝ հիմնվելով առաջին հերթին հայերի կոտորածների փաստերի ուսումնասիրության վրա: